Այսօր երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է

Այսօր երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը Սպիտակի երկրաշաժ անունը ստացավ, քանի որ էպիկենտրոնը Սպիտակ քաղաքի մոտ գտնվող Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում էր: Այստեղ ցնցումների ուժգնությունը 9-10 բալ էր: Ուժգին ցնցումների հետեւանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր 1 միլիոն մարդ։ Երկրաշարժից շարքից դուրս է եկել հանրապետության արդյունաբերական ներուժի շուրջ 40 տոկոսը, լիովին ավերվել են Սպիտակ քաղաքը, մասամբ ավերվել են Գյումրի (Լենինական), Ստեփանավան, Վանաձոր (Կիրովական) քաղաքները եւ բազմաթիվ գյուղեր: Ընդանուր՝ ավելի քան 400 բնակավայր: Երկրաշարժը խլեց ավելի քան 25 000 մարդու կյանք, վիրավորվեց ավելի քան 31 000 մարդ, կես միլիոնից ավելի մարդ մնաց անօթեւան:

Մինչեւ 2019 թվականը դեկտեմբերի 7-ը Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակի օր էր: 2019 թվականին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, փոխվեց «Տոների եւ հիշատակի մասին» օրենքն ու դեկտեմբերի 7-ը դարձավ՝ երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայության օր: Փոփոխության նպատակն է ողջ մարդկության ուշադրությունը հրավիրել աղետների նվազեցման ու դիմակայուն հասարակություն ունենալու կարեւորության վրա:

Պատճառված վնասները

Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված, լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս  հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

Աշխարհը Հայաստանի կողքին էր

Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:

Երկրաշարժից հետո Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝  ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։

1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին:

Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփյուռքը

Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ  մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Սպիացող վերքեր

Երկրաշարժի հետևանքով աղետի գոտու անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրն ավարտվում է: Ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին և մինչև 2021 թվականը ծրագրի շահառու է ճանաչվել 5419 ընտանիք՝ ներառյալ նաև բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնածները: Ծրագրի շրջանակներում 2008-2019 թվականներին՝ շուրջ 67.3 մլրդ դրամի հաշվին լուծվել է 5177 ընտանիքի բնակարանային խնդիրը: Ծրագրի ավարտական փուլը կամ ծրագրի շահառու ճանաչված, սակայն դեռևս բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն չստացած 242 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծումը մեկնարկել է 2020 թվականին: Այս ընտանիքիներից 214-ի հիմնական մասը գյուղական բնակավայրերի բնակիչներ են: Որպես հիմնական լուծում 187-ն ընտրել էր բնակելի տների կառուցման տարբերակը, 20-ը՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը, 7-ն էլ նախընտրել է ուղղակի ֆինանսական աջակցությունը:

Մնացած 28 ընտանիքի բնակարանային խնդրի լուծում կտրվի այլ ծրագրով: Այդ ընտանիքները Շիրակի մարզի Ջրաձոր համայնքից են: Նրանց բնակարանային խնդրի լուծումը և ֆինանսավորման հարցը դիտարկվելու է ՀՀ կառավարության համապատասխան որոշման շրջանակում՝ Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր համայնքից վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով:

Կառավարությունը դիտարկում է տնակային շինությունների խնդիրների լուծումը

Հայաստանի Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերում հաշվառվել է 7 հազարից ավելի տնակային շինություն: Դրանց զգալի մասը գտնվում է Գյումրիում: Տնակային շինությունների հիմնական մասը զբաղեցված է բնակության նպատակով:  Տնակային շինությունների խնդիրների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են: Արդարադատության նախարարության կողմից որոշակի օրենսդրական հիմքեր են ստեղծվել: Կառավարությունը 2021-2026 թվականների գործունեության ծրագրով հստակ ամրագրել է, որ այս գործընթացը պետք է շարունակվի այն հաշվարկով, որ 2023 թվականից արդեն կոնկրետ ծրագրեր մեկնարկեն: Մշակվել է որոշակի ձևաչափ և մեթոդաբանություն ոչ հիմնական շինությունների ու դրանցում բնակվող ընտանիքների կարգավիճակի գնահատման հետ կապված: Համայնքների ու մարզերի կողմից իրականացվել են այդ գնահատման աշխատանքները, որոնք ավարտվել են: Հաջորդիվ կհստակեցվեն ֆինանսական մոտեցումները: Տնակային շինություններում ընտանիքները հայտնվել են տարբեր պատճառներով՝ կան, որ ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց տունը, կան, որ այլ համայնքից եկել են այդ բնակավայր աշխատելու ու տնակում են բնակվում, կան, որ երկրաշարժի հետևանքով տունը կորցրել են, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել պետական ծրագրում: Կան ընտանիքներ, որոնք ստացել են բնակարան պետական ծրագրով, սակայն տարիների ընթացքում ընտանիքի թվաքանակի ավելացմամբ չեն տեղավորվում ստացված բնակարանում:

Կառավարության ծրագրում տեղ գտած դրույթների համաձայն, առաջին փուլով դիտարկվելու են այն շինությունները, որոնք տեղադրված են պետական կամ համայնքային հողամասերի վրա:

wp-apeth