Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների` մեծ, միջին եւ փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման եւ օտարման համար գործող արտոնության ժամկետը: Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ` մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը:
Փոխնախարարը նշել է, որ 2019 թվականի հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունն ուժի մեջ մտնելուց հետո հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր` էլեկտրամոբիլների ձեռքբերման եւ դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար:
2019 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 5291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, տեղադրվել եւ շահագործվում են շուրջ 45 լիցքավորման կայաններ:
«Ներկայում Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից եւս մեկնարկել է «Հայաստանում անցում էլեկտրոնային շարժիչով մեքենաներին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Կառավարության համար ձեռք բերել 1 տասնյակից ավելի էլեկտրամոբիլներ եւ լիցքավորման կայաններ»,- տեղեկացրել է փոխնախարարը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: