Մեզ թունավորողը հենց մենք ենք՝ մեր անտարբերությամբ

Մեզ թունավորողը հենց մենք ենք՝ մեր անտարբերությամբ

Վերջերս համացանցում բուռն քննարկման թեմա էր դարձել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառումը՝ Հայաստանում վատ բնապահպանական իրավիճակի մասին։ Այդ գրառումը տեղադրված է սույն հոդվածի տակ։

Լապշինը, շատերի համոզմամբ, չգիտես ում օգտին աշխատող լրտես է։ Ադրբեջան բռնի տեղափոխվելուց հետո վերջինս սկսել էր քննադատել հայկական իշխանություններին, այնուհետև ազատվելով՝ հակառակը՝ սկսել էր քննադատել ադրբեջանցիներին։ Ամիսներ Երևանում ապրելուց հետո հենց վերջինս արեց ներքոհիշյալ հրապարակումը։ Ու այժմ բնավ կարևոր չէ՝ Լապշինը լրտես էր, թե՝ ոչ։ Կարևորն այն է, որ նրա խոսքերում իրապես ճշմարտություն կա։ Հայ բնապահպանները բազմիցս են տարիների ընթացքում բարձրաձայնել ՀՀ բնապահպանական խնդիրների մասին՝ չստանալով համարժեք արձագանք։ Լապշինը, ով ընդհանրապես բնապահպան չէ, շատ հաջողված կերպով ուղղեց ողջ հայ հասարակության ուշադրությունը սույն հիմնախնդրին։

Հայաստանում շատ քիչ են արդյունաբերական ձեռնարկություններն ու թվում է, թե դրանից մեր երկրի բնապահպանական վիճակը պետք է որ ավելի լավը լիներ, քան այլ երկրներում։ Սակայն՝ ոչ։ Գյումրիում ևս վնասակար արտանետումներով աշխատող արդյունաբերական ձեռնարկությունները բացակայում են, սակայն մի՞թե մեզ մոտ անվտանգ է։ Բավական է մեջբերել միայն առողջապահական տվյալները։ Վերջերս մեր թերթում հրապարակված հոդվածներից մեկում բերված էին վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ Հայաստանը քաղցկեղով հիվանդությունների թվով, աշխարհում երկրորդ տեղում է։ Շիրակի մարզը առավել ևս՝ Հայաստանում այդ հիվանդությունների տարածվածությամբ առաջատարներից է։ Ու խոսքը վերաբերում է ոչ միայն քաղցկեղին, այլև սիրտ-անոթային հիվանդություններին, որոնք, թուրքի նման, եղեռն են անում մեր շարքերում։

Թե ինչն է սրա պատճառը՝ երկար մտածել պետք չէ։ Նախ, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, շեշտենք, որ հիվանդությունների բարձր մակարդակը պայմանավորված է նաև երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով: Ամենօրյա սթրեսներն ու մտածմունքներն արդեն իսկ հիվանդության պատճառ են։ Սակայն սա դեռ վերջը չէ։

Բերեմ մի թարմ օրինակ։ Ընկերներիցս մեկը, բոլորովին վերջերս, զանգեց ինձ ու առաջարկեց թանկ գնով վաճառել մեքենայիս կատալիզատորը։ Նրանք, որոնք չգիտեն, թե դա ինչ է, ասեմ. մեքենայի կատալիզատորը նախատեսված է պաշտպանելու օդը մեքենայի թունավոր գազերից, կոպիտ ասած՝ կատարում է մաքրող ֆիլտրի դեր։ Մեքենայի վրայից այն հանելիս դրա աշխատանքում ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունենում, փոխարենը ավելանում է արտանետվող թույների քանակն արտաքին միջավայր։ Շատերը մեքենայի վրայից այս սարքը հանելուց հետո կլորիկ գումար են ստանում՝ 400-500 դոլարի չափ։ Համաձայնեք, որ շատ դժվար է հրաժարվել «օդից» փող աշխատելու այս հնարավորությունից։ Ու արդյունքում այդ թունավոր օդը շնչում ենք մենք ու մեր հարազատները։ Մեքենայի արտանետած գազերի մեջ պարունակվում են ծանր մետաղներ, որոնք էլ, ընկնելով մարդկանց օրգանիզմ, կուտակվում են ու առաջացնում օնկոլոգիական հիվանդություններ։ Այս ամենը չի կարգավորվում օրենքով, պետությունը, կարելի է ասել՝ լվացել է ձեռքերն ու քաշվել կողքի։

Սա պարզագույն օրինակ՝ ի հաստատումն Լապշինի խոսքերի, որ օդը Երևանում աղտոտված է ու վնասակար։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Աղտոտված է նաև հողը։ Լապշինը միանգամայն ճիշտ է, աղբն այնքան չի վերամշակվում, որ աղբավայրերը ծայր ու սահման չունեն։ Աղբի միջով անցնող անձրևաջրերն էլ անցնում են գրունտային ջրերի մեջ և թունավորում տարածքը կիլոմետրեր հեռու։

Դե իսկ հանքավայրերի թեմայով էլ չենք խոսում, դրանց քայքայիչ ազդեցության մասին խոսելն ավելորդ է։ Գուցե շատերը պնդեն, որ Շիրակի մարզում մետաղական հանքեր չկան ու մեր մոտ իրավիճակն ավելի բարվոք է, սակայն՝ ոչ։ Մեր մարզում էլ շատ են քարհանքերը, անգամ նրանք, որոնք երկար ժամանակ է, ինչ չեն շահագործվում։ Դրանցից բարձրացող փոշին ևս մեծ պրոբլեմներ է ստեղծում մարդկանց առողջության համար։

Մի խոսքով, Լապշինը շատ տեղին ու ժամանակին բարձրացրեց Հայաստանի էկոլոգիական խնդիրների հարցը. հուսանք, որ գոնե այս անգամ ինչ-որ եզրակացություններ կարվեն ոչ միայն իշխանավորների, այլ նաև հասարակ քաղաքացիների կողմից։

wpn-zarhing