Գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող փաստաթղթերի
ՀՀ կառավարության որոշմամբ այսօր գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթերի, հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական բաժնից:
Մասնավորապես, Կառավարության նիստում հավանության է արժանացել 2020 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Գործադիրը հավանություն է տվել նաև 2019 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական և հումանիտար կապերի ընդլայնման անհրաժեշտությամբ։ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) իր ուրույն տեղն ունի Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգում: Հայաստանը միացել է բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին, ակտիվորեն մասնակցում է վերջիններիս կիրարկմանը, և այս առումով սույն կոնվենցիան կոչված է լրացնելու բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին, որոնցից Հայաստանի Հանրապետությունը միացել է Փարիզի (1979 թ.), Բանգկոկի (1983 թ.) և Լիսաբոնի (1997 թ.) կոնվենցիաներին: Նախագիծը վավերացնելու արդյունքում ակնկալվում է խթանել և ամրապնդել միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաև ապահովել արդար, թափանցիկ և համապարփակ միջոցներ բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար։
Նիստում հավանության է արժանացել նաև 2019 թվականի հուլիսի 5-ին Հանոյում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է կրթության և գիտության բնագավառում երկու երկրների ուղղակի համագործակցային հարաբերությունները խթանելու անհրաժեշտությամբ: Նախագծի նպատակն է առավել մատչելի դարձնել երկու երկրների կրթության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև նպաստել պետությունների հետազոտողների, դասախոսների, ուսանողների և աշակերտների փոխանակման ծրագրերին: Խորհրդային տարիներին երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցությունը գտնվել է բարձր մակարդակի վրա: Այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է վերականգնել երբեմնի սերտ համագործակցությունը, այդ թվում՝ նաև այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ են երկու երկրները:
ՀՀ կառավարության օրենսդրական բոլոր երեք նախաձեռնությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով: