Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասում (նոր Նորք վարչական շրջան) հայտնաբերվել են ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ արտադրական և օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների և միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվել դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում: Նշվում է, որ հացի և հացաբուլկեղենի տեղափոխումը կազմակերպվել է տաք հացաբուլկեղենի կոնտակտավորման համար չթույլատրված տարաներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: