Մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները
Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այդ առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այցելել են Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որը Երևանում գործող 4 քննական կենտրոններից մեկն է:
Այսօր անցկացվում են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները, որոնց մասնակցելու համար հայտագրվել են 1505 դիմորդներ, որոնց թվում «Կենսաբանություն» առարկայի համար՝ 1288, «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների համար՝ համապատասխանաբար 186 և 31 դիմորդ:
Նրանցից 120-ը քննություն են հանձնելու Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի քննական կենտրոնում, սակայն առավոտյան ժամը 9-ի դրությամբ ներկայացել էին 117-ը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը շրջել է քննական կենտրոնում, հաջողություն մաղթել դիմորդներին:
Շրջայցի ընթացքում Վահրամ Դումանյանը քննական կենտրոնի ղեկավարի և մյուս պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել քննությունների սրահներում սեղանների դասավորության վրա` նկատելով, որ դրանց որոշ մասը դրված է ուղիղ արևի ճառագայթների տակ` ապակյա պատի ողջ երկայնքով: Նախարարի դիտողության հիման վրա մինչ քննության մեկնարկը սեղանների տեղաբաշխման փոփոխություն է կատարվել. դրանք շարվել են սրահի այլ, դիմորդների համար ավելի հարմարավետ հատվածներում:
«Ես պատկերացրեցի ինձ քննություն հանձնողի և դիմորդի ծնողի դերում. եթե ես լինեի քննություն հանձնողը, մինչև արևի՝ ստվերում հայտնվելը բավականին անհարմար կլիներ: Դիտողություն եմ արել, և հարցն արագ լուծվել է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վահրամ Դումանյանը:
Անդրադառնալով դիմորդների մասնագիտական նախընտրությունների հարցին` նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ տարեցտարի բնագիտական առարկաների դիմորդները կշատանան: Այդ ուղղությամբ որոշ մասնագիտությունների, օրինակ` ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի համար մրցակցությունը բավականին թեժ է: Սակայն կարևոր է, որ ԲՏՃՄ ուղղությունն ընդհանուր առմամբ գրավիչ դառնա:
Այս տարի նույնպես հատկացված տեղերի քանակն անհամեմատ ավելի մեծ է, քան դիմորդների թիվը: «Սա նշանակում է, որ բուհերը, հաշվի չառնելով բազմաթիվ իրողություններ, հաճախ չունենալով վերլուծություն, մաքսիմալ հայտեր են ներկայացրել տարբեր մասնագիտությունների համար»,- փաստել է Վահրամ Դումանյանը` շեշտելով կրթական քաղաքականության հիմքում բնագիտական առարկաներն ավելի գրավիչ դարձնելու նպատակադրումը:
«Պետությունը նաև վճարում է որոշակի մասնագիտությունների համար` իր վրա վերցնելով ուսանողի կրթության ապահովումը: Տարիներ շարունակ այս հարցը բարձրացվել է, սակայն հիմնավոր պատասխան առ այսօր չկա. ինչպե՞ս ենք որոշում՝ այս կամ այն մասնագիտության գծով քանի՞ պետպատվերի տեղ է մեզ անհրաժեշտ: Սա լուրջ հետազոտություն պահանջող հարց է: Շատերն են կարծում, թե այդ հետազոտությունը պետք է իրականացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բայց դա այդքան էլ այդպես չէ: Սա համընդհանուր մոտեցում պահանջող հետազոտություն է, որտեղ պետք է հաշվի առնվեն պետության հիմնական առաջնային խնդիրները, դիմորդների քանակն ու մասնագիտական պահանջարկը, տնտեսության ներկա վիճակն ու զարգացման միտումները, մասնագիտությունների պահանջվածությունն աշխատաշուկայում և այլն»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Նա կարևորել է ընդունելության համակարգում այս տարի կատարված փոփոխությունը, որով առաջնային կարևորություն է տրվում դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը: Դիմորդն առաջին փուլում ընտրում է մեկ բուհի մեկ մասնագիտություն:
«Այսինքն` եթե դիմորդը հստակ նպատակ ունի դառնալ, օրինակ, պատմաբան, ապա նա մրցակցության մեջ է մտնում առաջին հերթին բոլոր այն դիմորդների հետ, որոնք նույն նպատակով են քննություն հանձնում: Երկրորդ փուլով, եթե կլինեն թափուր տեղեր, դիմորդը կարող է իր ստացած դրական միավորներով դիմել նաև այլ մասնագիտության համար` չհանձնելով լրացուցիչ քննություն»,- փաստել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը: Նա նաև ավելացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս թափուր տեղեր անպայման կլինեն, քանի որ հատկացված տեղերն ավելի շատ են, քան դիմորդների թիվը:
Շրջայցի ավարտին Վահրամ Դումանյանը հաջողություն է մաղթել դիմորդներին, ինչպես նաև զրուցել է քննական կենտրոնի մուտքի մոտ հավաքված ծնողների հետ:
Նշենք, որ միասնական քննության տևողությունը 180 րոպե է (3 ժամ): Քննության ավարտից հետո՝ նույն օրը՝ ժամը 13:00-14:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի ճիշտ պատասխանները: