Ինքնամփոփ երեխաների առավելությունները
Մեկուսացած, մտքերի մեջ խորասուզված, դանդաղկոտ խոսքով երեխան ոչ բարենպաստ տպավորություն է թողնում մանկապարտեզում կամ դպրոցում եւ հաճախ է իր հասակակիցների համար անընդունելի դառնում: Եվ դա չի կարող չհանգստացնել նրա ծնողներին:
Վերջիններս հաճախ ամեն կերպ փորձում են վերահսկել ու փոխել նման երեխաների վարքը, դարձնել ավելի շփվող ու կենսախինդ։ Սա մեծ սխալ է՝ համոզված են ամերիկյան հոգեթերապևտները։ Նրանք պարզաբանում են, որ վերադաստիարակելու ցանկացած փորձ բացի տառապանքից, ուրիշ լավ բանի չի հանգեցնի։ Բացի այդ, հոգեթերապևտներն ասում են, որ ինքնամփոփ երեխաները նույնիսկ մյուսների հանդեպ առավելություններ ունեն։
Հրաուստ ներաշխարհ
Այս երեխաները գիտակցում են, որ ոչ սովորական ներաշխարհ ունեն։ Մյուսներին նայելու փոխարեն՝ նրանք հույսը դնում են սեփական ռեսուրսների վրա և առաջնորդվում են իրենց ցանկություններով։ Այդ պատճառով էլ նրանք հանգիստ են տանում կողմնակի ճնշումները և համընդհանուր էմոցիաների չեն տրվում։ Նման երեխաները մշտապես գործում են սեփական համոզմունքներից ելնելով։ Սեփական անձի մեջ խորասուզվելը նրանց ուժ է տալիս։ Այս դեպքում ծնողի դերը երեխաներին շփվել և իրենց մտքերը ճիշտ արտահայտել սովորեցնելն է։ Առանց հասակակիցների հետ շփումների՝ ինքնամփոփ երեխաները սկսում են մտածել, որ մյուսներին բացարձակապես չեն հետաքրքրում իրենց ապրումները։
Սիրում են սովորել
Այս երեխաները սովորելու անհագ ծարավ ունեն, սակայն երբեմն դժվարանում են դա արտահայտել դպրոցում՝ աղմկոտ, ակտիվ դասարանցիների շրջապատում։ Սովորաբար նրանք մեծ բավականություն են ստանում ընթերցանությունից և մշտապես ստացած ինֆորմացիան համեմատում են իրենց գիտելիքների հետ։ Ծնողները կարող են խրախուսել և զարգացնել այս երեխաների հետաքրքրությունն ուսման հանդեպ։ Առանց ինֆորմացիայի մշտական հոսքի՝ երեխան կարող է ձանձրանալ և ընկնել դեպրեսիայի մեջ։ Ծնողները կարող են երեխայի հետ քննարկել գրքեր, ֆիլմեր, երաժշտություն։ Թող որ նա հասկանա, որ սա ոչ միայն զվարճանք է, այլև շրջապատող աշխարհը ճանաչելու միջոց։ Օգնեք երեխային գտնել իրեն հարմար գրքերն ու ֆիլմերը։
Գնահատում են պահը
Այլ կերպ ասած՝ ինքնամփոփ երեխաները կարողանում են ապրել ներկայով, գնահատել մանրուքները, այն փոքրիկ նշանները, որոնց կողքով մյուսները կարող է և անտարբեր անցնել։ Հաճախ նման երեխաները նույնիսկ տանից դուրս գալու կարիք չունեն իրենց հետաքրքիր զբաղմունք գտնելու համար։ Նրանք հաճույք են ստանում իրենց կյանքի անշտապ ռիթմից և նշանակություն են տալիս պարզ ուրախություններին։ Նման դեպքերում ծնողները չպետք է ծիծաղեն երեխայի «տարօրինակությունների» վրա, երբ, ասենք, նա հաճույք է ստանում դանդաղ զբոսանքից կամ ծածկոցով սեղանն իր համար վրան է դարձնում։ Ժամանակ գտեք և կիսեք երեխայի հետ հանգստության պահերը։ Փոքրիկ ինքնամփոփները կարող են հիշեցնել, որ կյանքը բաղկացած է փոքրիկ ուրախություններից։
Այս երեխաներին մանկավարժներն ու հոգեբանները դիտարկում են որպես շփման դժվարություններ ունեցողներ, սակայն եւ առանձնացնում են նրանց մի շարք առավելություններ՝ հասակակիցների համեմատ՝ ավելի ակտիվ ու արտահայտվող։
Ստանդարտից դուրս մտածողություն
Ինքնամփոփ երեխաները կարողանում են ստեղծագործաբար մոտենալ խնդիրների լուծմանը։ Նրանք սովորաբար լսում են, ընկալում, մարսում են ինֆորմացիան, ապա տալիս են անսպասելի, բայց շատ բանական պատասխան։ Ըստ այդմ՝ այդ երեխաները, ելնելով իրենց անհատական մտածողությունից, հաճախ դառնում են թարմ և օրիգինալ գաղափարների աղբյուր։
Ծնողը պետք է ամեն կերպ խրախուսի երեխայի ստեղծագործական մտածողությունը, հարցեր տա տարաբնույթ խնդիրների վերաբերյալ, կարծիքներ հարցնի։ Եթե դրա հետ մեկտեղ երեխան անհաջողություններ ունի, պետք է փորձել ոչ ստանդարտ լուծումների ուղիով գնալ։ Օրինակ՝ երեխային խնդրեք մի նկար նկարել, պատմություն կամ բանաստեղծություն հորինել իրեն անհանգստացնող խնդրի մասին։ Երեխան կսովորի ինքն իրեն ավելի լավ ճանաչել և կհասկանա, որ ստեղծագործական պրոցեսը կարող է հետաքրքիր արդյունքներ տալ։
Զարգացած էմոցիոնալ ինտելեկտ
Նրանք շատ լավ են գիտակցում սեփական զգացմունքները։ Սակայն ծնողները միշտ չէ, որ դա հասկանում են, քանի որ երեխաների ռեակցիան մի քիչ դանդաղ է։ Երբ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, ինքնամփոփ երեխա և արտաքինից թվում է իներտ, սառը և անվճռական։ Իրականում նա դադար է վերցնում, որպեսզի հասկանա իրադարձության էությունը, վերլուծի և ճիշտ արձագանքի դրան։ Նման երեխաները կարող են իրենց տարիքից ավելի իմաստուն լինել։
Ստեղծագործական միտք
Ինքնամփոփ մարդկանց շրջանում շատ են գրողները, նկարիչները, պարողները, դերասաններն ու երաժիշտները։ Ստեղծագործող մարդն աշխարհն ընկալում է որպես մեծ խճանկար և դրա տարրերն իր ձևով դասավորելով՝ ստեղծում է նորն ու անսովորը։
Ծնողի դերը նման փոքրիկին ամեն կերպ խրախուսելն է՝ նրա համար գնել որևէ երաժշտական գործիք, գունավոր մատիտներ, ծեփամածիկ և այլն։ Թող որ երեխան զարկ տա իր երևակայությանը և ոչ մի դեպքում չպետք է քննադատել նրան։ Երեխային կարելի է տանել թատրոն, կինո, համերգ, որտեղ նա կկարողանա հնարավորինս շատ առնչվել ինքնարտահայտման ձևերին։
Բնածին զրուցակիցներ
Թեև երեխան դպրոցում շատ չի խոսում, բայց նա հիանալի լսող է։ Նրանց վստահե|ի են և բարեհոգի, չեն ընդհատում զրուցակցին և շատ արագ են հասկանում դիմացինին։ Այս երեխաները հիանալի ընկերներ են։ Նրանք դժվարությամբ են մտերմանում, բայց եթե դա տեղի է ունենում, հարաբերությունները ձգվում են երկար և շատ ամուր են լինում։
Իրենք իրենցից չեն ձանձրանում
Նման երեխաները գնահատում և սիրում են միայնությունը։ Նրանք պետք չեն ակտիվ գործողություններ՝ իրենց զբաղված զգալու համար։ Եվ այս պարագայում ծնողը պետք է հասականա, որ միայնության մեջ չձանձրանալը մեծ շնորհ է։ Եթե երեխան ուզում է միայնակ մնալ, երբ շուրջը ուրախություն է, թող նրա ուզածով լինի՝ ընկերների հետ կարող է հանդիպել մեկ ուրիշ անգամ։