Lավ պահպանված խճանկարային հատակ` Իտալիայի խաղողի այգիներից մեկում
Իտալիայի խաղողի այգիներից մեկում հայտնաբերվել է զարմանալիորեն լավ պահպանված խճանկարային հատակ, որը թվագրվում է՝ Ք.ա 3-րդ դար, Հռոմեական ժամանակաշրջան: Հատակը հայտնաբերվել է Նեգրար դի Վալիպոլիցելլա բնակավայրի բլուրներից մեկում, Վերոնայի մոտակայքում, հնագետների խմբի կողմից, որոնք կարանտինից մեկ շաբաթ անց սկսել էին աշխատանքները
Տարածքը հնագետների խմբին հայտնի է եղել, քանի որ մեկ դար առաջ այստեղ հռոմեական գյուղի մնացորդներ էին հայտնաբերվել, բայց պեղումները 1922 թվականին դադարցվեցին:
Պատմաբաններից շատերը սա համարում են դարի հայտնագործություն: Տեղական իշխանությունները բանակցություններ են վարում հողի սեփականատիրոջ հետ որպեսզի այն հասանելի լինի զբոսաշրջիկների համար:
Անցած տարի, հնագիտական, արվեստի գերատեսչությունները սկսեցին կրկին պեղումներ իրականացնել, ավելի շատ բաներ հայտնաբերելու նպատակով:
Աշխատանքները սկսվել էին 2019 թվականի հոկտեմբեր ամսին, բայց 2020 թ-ի փետրվարին կորոնավիրուսային համաճարակի պատճառով դադարեցվեցին և ողջ Իտալիան հայտնվեց կարանտինային ռեժիմի մեջ:
Կարանտինից մեկ շաբաթ հետո, հնագետները խաղողի այգու մի հատվածում հայտնաբերեցին զարմանահրաշ խճանկարային հատակ և շատ զգուշորեն փորձում են տարածքի մյուս հատվածներում պեղումներ իրականացնել:
Նկարների առաջին շարքը որ վերբեռնվեց համացանց ցույց է տալիս գերազանց պահպանված հատակը և դրա հիմքերը:
Նեգրար դե Վալիպոլիցելլայի տեղական իշխանություններն իրենց ֆեյսբուքյան էջում գրում են, որ պեղումների նպատակը հին հատակի ճշգրիտ չափն ու դիրքը հայտնաբերելն է: Ռոբերտո Գրինսոնը՝ Նեգրար դե Վալիպոլիցելլայի ղեկավարը, տեղական L’Arena թերթին տեղեկացրել է. «Այդ տարածքը մեծ արժեք ունի քաղաքի համար և պետք միշտ ուշադրության արժանանա: Այդ պատճառով պետական գերատեսչությունների և գյուղատնտեսական ֆոնդերի պատասխանատուների հետ համատեղ մենք ամեն ինչ կանենք որպեսզի մարդիկ այստեղ այցելելուց հաճույք ստանան»:
Պատմաբան Մայկո Քլելանդը Metro-ին տրված հարցազրույցում նշել է, որ սա տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկն է. «Նոր հայտնաբերված հատակը Վերոնայից դուրս, կարող է լիել տարվա ամենամեծ հայտնագործությունը, հռոմեական տան ամբողջությամբ պահպանված հատակ է: Այսպիսի պատմական արժեքների բազմաթիվ օրինակներ կան մեր ոտքերի տակ թաղված, կան նաև Միջագետքյան արժեքներ, հարթ բլուրների տակ թաղված: Այնտեղ հսկայական քաղաքների մնացորդներ կան, որտեղ մարդիկ շերտ առ շերտ կառուցել են, հետո այդ ամենը հասել է մետրերի»: