Վահան Բիչախչյանն՝ իր և «Ժիլինայի», հավաքականի և այլ հարցերի մասին

Վահան Բիչախչյանն՝ իր և «Ժիլինայի», հավաքականի և այլ հարցերի մասին

Համավարակի բռնկումից հետո Սլովակիայի տիտղոսակիր թիմերից «Ժիլինան» զարգացման այլ ճանապարհով որոշեց գնալ՝ հրաժարվելով մի շարք փորձառու ու առաջատար խաղացողներից: Փոխարենը ակումբը որոշեց շեշտը դնել ավելի երիտասարդ կադրերի վրա: Թիմում մնաց նաև հայ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը: Սլովակիայում առաջնությունը նոր է մեկնարկել, թիմերը մտնում են տոնուսի մեջ: Կայացած երեք տուրում «Ժիլինան» տարել է երկու հաղթանակ, կրել է մեկ պարտություն: Նշված խաղերին մասնակցել է Վահան Բիչախչյանը և հասցրել է արդեն խփել չորս գոլ: Թիմի վիճակի ու ապագա ծրագրերի, հավաքականի, հարազատ «Շիրակի» ու այլ հարցերի շուրջ  ֆուտբոլիստը զրուցել է football365-ի հետ:

«Ժիլինա»

  • Փոփոխություններ եղան քո թիմում, կազմը էականորեն փոխվեց: Ի՞նչ վիճակում եք հիմա ու ի՞նչ խնդիր եք մտադիր լուծել:
  • Այո, փոփոխություններ եղան: Դժվար շրջան էր թիմի համար, բայց բոլորը, որոնք մնացել են ծանոթ էին թիմին: Այսինքն թիմում էին մինչև փոփոխությունները և բոլորի համար էլ լավ հնարավորություն էր բարձրագույն լիգայում խաղալու համար: Փառք Աստծո բոլորն էլ անմնացորդ նվիրվեցին և մարզումների շնորհիվ փորձեցին պահել թիմի խաղն ու ավելացնել: Խաղում ենք երիտասարդներով, բայց ամենակարևորը թիմի խաղային ձեռագիրը չի փոխվել: Սա շատ լավ է թիմի համար: «Ժիլինան» չի կորցրել իր դեմքը: Մենք էլ մեր հերթին առավելագույնը փորձում ենք անել՝ օրեցօր ավելացնելով: Փորձում ենք ամեն խաղում դուրս գալ խաղադաշտ և պայքարել հաղթանակի համար՝ անմնացորդ նվիրվելով: Ճիշտ է, ժամանակից առաջ չպետք է առաջ ընկնել, բայց բավականին ամբիցիոզ և նպատակասլաց թիմ է ստեղծվել և ցանկացած խաղացողի համար հաճելի է խաղալ նման  պայմաններում:
  • Մրցաշրջանը վատ չի սկսվել: Դու էլ քեզ կարծես թեթև ես զգում, թե դեռ ավելացնելու տեղ կա՞:
  • Միանշանակ դեռ շատ ավելացնելու տեղ կա: Փառք Աստծո առողջ եմ ամենակարևորը: Իմ կողմից ամեն ինչ անում եմ, որպեսզի յուրաքանչյուր խաղում կարողանամ առավելագույնը տալ թիմ թիմին: Միևնույն ժամանակ զգում եմ, որ շատ տեղ կա ավելացնելու: Առաջ Աստված:

Հայաստանի ազգային հավաքական

  • ՀՖՖ-ն, անդրադառնալով քո խփած վերջին գոլերին, ֆեյսբուքի էջում գրում է. «… ազգային հավաքականի թեկնածու Վահան Բիչախչյանը…»: Նման գրառումները կարդալուց հետո ի՞նչ ես մտածում:
  • Առհասարակ գրառումներին շատ ուշադրություն չեմ դարձնում, կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երազանք է խաղալ ազգային հավաքականում: Ամեն ինչ անում եմ դրա համար: Ցանկությունը մեծ է խաղալ ազգի համար: Հավաքականում բարձրակարգ խաղացողներ են խաղում և մեծ մոտիվացիա է նրանց կողքին լինելը: Օգուտ կլինի ինձ համար և դրա համար ամեն ինչ անում եմ:
  • Քո ընկեր ու խաղընկեր Ռուդիկ Մկրտչյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ պատրաստ է հավաքականում խաղալ: Դու պատրա՞ստ ես:
  • Միանշանակ պատրաստ եմ խաղալու և օգուտ տալու հավաքականին: Մեր ազգի համար լավը անելուն միշտ պատրաստ եմ, քանի որ դա մեծ պատիվ է ու անբացատրելի զգացություններ: Երազանք է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար:

«Շիրակն» ու Վարդան Բիչախչյանը

  • Քո հարազատ «Շիրակում» զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Վարդան Բիչախչյանը երկար տարիներ անց տեղափոխվեց «Արարատ»: Հետևու՞մ ես իրադարձություններին:
  • Այո, հետևում եմ և ինձ համար էլ էր անակնկալ ու շատ դժվար ընդունել այդ փաստը, բայց նույնիսկ այդ պարագայում ինձ համար ոչինչ չի փոխվել: «Շիրակը» իմ հարազատ թիմն է ու այդպիսին շարունակում է մնալ՝ իմ թիմը Հայաստանում: Մյուս կողմից սա լավ հնարավորություն է երիտասարդների համար համար: Հույս ունեմ, որ կօգտվեն դրանից և համոզված եմ, որ «Շիրակն» անկախ ամեն ինչից կմնա դժվար մրցակից բոլորի համար: Հաջողություն եմ մաղթում «Շիրակին»: Գիտեմ ու չեմ կասկածում, որ տղաներն անմնացորդ նվիրվելու են ամեն խաղում և ուրիշ բան չի էլ կարելի սպասել «Շիրակից»: Տղաներին բոլորին ճանաչում եմ և վստահ եմ, որ նրանց հետ ոչ մի թիմի հեշտ չի լինելու: Կարծ ասած՝ հետևում եմ իմի հարազատ թիմին ու երկրպագում: Ձեզ հետ եմ տղեք:

  • «Ժիլինայում» տեղյա՞կ են, որ հայրդ մարզիչ է:
  • Այո, տեղյակ են: Իմ տեղափոխությունից հետո բոլորը թե խաղացողները, թե ակումբի մնացած անձնակազմը հետևում են «Շիրակին» մրցելույթներին ու տղաներին: Կարծում եմ՝ այս ամենը տղաներին օգտակար կարող է լինել և ինչու չէ մի օր կարող է ևս մեկ հայ ֆուտբոլիստի տեսնենք «Ժիլինայում»: Լավ հնարավորություն է տղաների համար:
  • Իսկ գուցե  մի օր Վարդան Բիչախչյանը գլխավորի «Ժիլինան»:
  • Դժվար հարց է: Չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է:
  • «Արարատ»- «Շիրակ» խաղերին ո՞ր թիմին ես երկրպագելու:
  • Իհարկե, «Շիրակին»:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth