Սրբություններ. Հայոց բանակ եւ պետականություն

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է։ Այս ամսաթիվը ևս մեկ անգամ խորհելու առիթ է տալիս ոչ միայն Հայոց բանակի, այլև մեր պետականության մասով։ Այնպես է ստացվել, որ բոլոր ժամանակներում ցանկացած պետականության գլխավոր երաշխավորը եղել է երկրի զինուժը։ Մեր պարագայում դա առավել քան ցայտուն է արտահայտված, քանի որ ֆիզիկական լինելիության խնդիր ունենք առ այսօր։ Պետականությունն ու զինուժը սերտորեն կապված են մեկը մյուսին։ Առանց մեկի չի կարող հարատև լինել մյուսը և հակառակը։ Մեկ դար առաջ մենք չունեինք դրանցից ոչ մեկը։
Չնայած որ ֆիդայական շարժումները բավական լայն տարածում էին գտել հայերի շրջանում, իսկ հայ ազգը թե՛ ռուսական, թե՛ թուրքական բանակի կազմում ուներ բազմաթիվ տաղանդավոր զինվորներ ու գեներալներ, դա ոչ մի կերպ չէր կարող նպաստել հայերի անվտանգությանը։ Ու որպես արդյունք ունեցանք 20-րդ դարի ամենադաժան իրադարձություններից մեկը՝ մեծ Եղեռնը։ Այսօր, ի ուրախություն բոլորիս, մենք ունենք թե՛ պետականություն, թե՛ բանակ։ Կողքի դնենք դրանց թերություններն ու պրոբլեմները, որոնք միանգամայն շտկելի են։ Քրդերը, որոնք գերազանցում են մեզ միլիոններով, ձևավորել են իրենց ազատագրական բանակը՝ առանց պետականության։ Արդյունքը տեսնում են բոլորը՝ քրդական ռազմական ներուժը խիստ թույլ է ու անարդյունավետ։ Պետությունը նպաստում է բանակի մարտունակությանը ոչ միայն բոլորիս հայտնի միջոցներով։ Բանակի մարտունակությունն ուղղակիորեն կապված է այն բանի հետ, թե ինչպիսի քաղաքացի ունենք մենք երկրի տարածքում։ Դպրոցում ու մանկապարտեզում երեխայի ստացած ուսումն ու կրթությունը միանգամայն կախված են մեր ապագա բանակի մարտունակության հետ։ Մարդկանց մտածելակերպը ու մղումները ևս պայմանավորում են բանակի մարտունակությունը։ Բանակի մարտունակությանը նպաստում է նաև հավատքը՝ մեր պարագայում քրիստոնեությունը։ Որոշներն այսօր անիմաստ աղմուկ են բարձրացնում այն մասին, որ հայոց բանակում կան հոգևորականներ։ Այդ մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ ամենաուժեղ զինվորը մահից չվախեցող զինվորն է, իսկ իսկական քրիստոնյան մահից չի վախենում, քանի որ հասկանում է՝ մարդկային հոգին անմահ է, իսկ Աստված իրեն մահից հետո հարություն է տալու։
Աշխարհում կան ազգ-բանակներ։ Դա այն բանակներն են, որոնք շատ կարճ ժամանակամիջոցում կարողանում են իրենց շարքերը համալրել ռեկորդային քանակի քաղաքացիներով։ Մենք ևս այսօր ունենք այդ խնդիրը։ Ցանկացած հայ պետք է պատրաստ լինի զենք վերցնելու և սեփական օջախը պաշտպանելու։ Մարտունակ աշխարհազորի առկայությունը ևս մեր լինելիության ամուր գրավականներից կարող է դառնալ։ Դե իսկ այն բնակավայրերը, որոնք գտնվում են սահմանի անմիջական հարևանությամբ, պետք է զինված լինեն մինչև ատամները։ Այդ բնակավայրերից մեկը հենց Գյումրին է, որը կարող է ենթարկվել թուրքական ագրեսիայի։ Այլ բան է, երբ թշնամին քաղաքն օկուպացնելու ընթացքում հանդիպում է անզեն ու խելոք բնակչության, բոլորովին այլ՝ երբ մարդիկ զինված են։ Զենք ունենալը սահմանամերձ բնակավայրերում պետք է օրինականացվի։ Իհարկե սա մեծ բարդություններ է առաջ բերելու՝ հաշվի առնեով մեր ժողովրդի ներկայիս մենթալիտետն ու տաք բնավորությունը, սակայն հենց պետությունը այն բանի համար է, որ կրթի որոշակի գաղափարախոսությամբ զինված ու որոշակի արժեքներով քաղաքացի։ Հետևաբար գրագետ ու արժեքներով քաղաքացի ունենալու պարագայում կարելի է մտածել մարդկանց մասսայական զինելու և թշնամուն ագրեսիայի ցանկացած մտքից զրկելու մասին։
Մյուս կողմից 21-րդ դարում շատ բան է կախված տեխնիկայից։ Ինչպես վերջերս իր ելույթներից մեկում նշեց ՀՀ վարչապետը՝ Հայաստանը սկսում է հրաժարվել 80-ականների զենքերից և անցնում ժամանակակից սպառազինության։
21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև մորթված ազգը, որը չի ստացել առ այսօր իր արդար հատուցումը, իրավունք ունի նաև մտածել միջուկային զենք ունենալու մասին։ Հայկական միջուկային ծրագիրը բնավ ֆանտաստիկայի ժանրից չէ։ Այս մասին բազմիցս ենք գրել մեր թերթի էջերում։ Միջուկային տերություն դառնալու հանգամանքը վերջնականապես մեր ցանկացած թշնամու կստիպի մեզ հետ խոսել բարեկամության ու ոչ թե պատերազմի մասին։
Այնպես որ՝ շնորհավոր հայոց բանակի տոնը։ Հայոց բանակը ցանկացած հայի համար պետք է լինի այն սրբությունը, որի օգնությամբ անվտանգ են դառնում մեր կյանքի մյուս սրբությունները։