«Գյումրին կռնա». Վարդան Սրտաշյանի հարցազրույցը

«Գյումրին կռնա». Վարդան Սրտաշյանի հարցազրույցը

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն, որն անցկացվելու է համամասնական ընտրակարգով։ Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ երեք նորաստեղծ դաշինք եւ 7 կուսակցություն։ Նորաստեղծների թվում է «Գյումրին կռնա» դաշինքը: Այն ընդգրկում է «Հայք» (Հայկազուններ), «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցություններն ու Գյումրու «Ազգային արժեք ակումբը»։ Ներկայացրել են 20 հոգանոց ցուցակ։ Դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում «Ազգային արժեք ակումբի» անդամ, Գյումրու «Արաքս» հյուրանոցի տնօրեն Վարդան Սրտաշյանն է։ Վերջինս մեզ հետ զրույցում անդրադարձել է մի շարք թեմաների:

  • Ի՞նչ է իրենից ներկայացնում «Գյումրին կռնա» շարժումը, ինչու՞ եք կոչում քաղաքակրթական և ոչ քաղաքական, չէ՞ որ մասնակցում եք ՏԻՄ ընտրություններին։
  • «Գյումրին կռնա» շարժումը նախաձեռնել է Գյումրու «Ազգային Արժեք ակումբը», որի նպատակը Հայկական քաղաքակրթության վերելքի ապահովումն է, Հայկական Երազի իրականացումը։ Ինչու՞ նախաձեռնվեց․ որովհետև այսօր Երևանը, որն ամբողջապես նվաճված է նեոլիբերալ արժեհամակարգի կողմից, որտեղ տիրապետողը՝ գռեհիկ, զանգվածային մշակույթն ու գերնյութականացված սպառողականությունն է, չի կարող ազգային, բնական, արժեհամակարգային գաղափարներ հասունացնել։ Հետևաբար ազգային իրական օրակարգերի ձևակերպման, հասունացման ու իրականացման կենտրոնը փորձում ենք տեղափոխել Գյումրի։ Ընդ որում, գաղափարը հուշել են մեր երևանյան ընկերները, ովքեր Գյումրու և կոնկրետ Ակումբի պարագայում այդ ներուժը տեսել են։ Եվ ահա, տևական ժամանակ է` «Գյումրին կռնա» քաղաքակրթական շարժումը թափ է հավաքում, որը հետագայում պետք է դառնա համապետական, յուրաքանչյուր համայնք իր բարբառով հիմք է դնելու ազգային զարթոնքին և դառնալու է քաղաքակրթական շարժման կրողը։ Ձեր հարցի երկրորդ մասն ամբողջապես ածանցվում է առաջինից, որովհետև Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելը շարժման մի օղակն է։ Մենք գնում ենք համայնքային ինքնակազմակերպման, որի պատվերը հստակ ձևակերպվել է «Աշխարհաժողովի» կողմից՝ հունիսյան թեզիսների միջոցով։ Դրա համար մեր ընթացքը, հետագայում քարոզարշավը, ընտրություններում հաջողելու պարագայում՝ նաև քաղաքի կառավարումը դուրս են գտնվում ներկա ապականված քաղաքական դաշտի տրամաբանությունից։ Մենք ամբողջ ընթացքում ցույց ենք տալու լույսը, ապագան, երազը, ճշմարտությունը և ազգային արժանապատվության վերականգնման բանաձևը։ Պարզ ձևակերպմամբ «Գյումրին կռնայի» հաղթանակը ինքնանպատակ չէ, այլ ազգային տեսակի համար անհրաժեշտություն, որովհետև ակունքը համայնքային է, իսկ պայքարը՝ համազգային։

  • Ձեր ցուցակում առաջին համարը Դուք եք, իսկ ասում եք քաղաքապետի թեկնածուն՝ Վարդան Գրիգորյանն է, ով ցուցակում երկրորդ համարն է։ Սա խա՞ղ է։
  • Այս ամենը նույնպես ինքնանպատակ չէ։ Մենք գնում ենք գաղափարի իրականացման, այլ ոչ թե այլոց պես ինչ-որ մեկի համար աթոռ ապահովելու։ Մենք թիմային պայքար ենք մղում։ Այսինքն, ինչպես միշտ է եղել և այսօր շատերի մոտ առկա է, թիմը ոչ թե հավաքվել է ինչ-որ մեկին սպասարկելու և քաղաքապետ դարձնելու, այլ գաղափար իրականացնելու համար։ Կարելի է ասել՝ ամբողջ պրոցեսի ընթացքում պատասխանատու եմ քաղաքական, ավելի ճիշտ քաղաքակրթական գծի համար, իսկ քաղաքապետի թեկնածուն Վարդան Գրիգորյանն է, ով կառավարման ավելի մեծ փորձ ունի և թիմի կարծիքով ավելի լավ կիրականացնի քաղաքապետի գործառույթները։ Մեզ մոտ ամեն ինչ կառուցվում է պարտականություն-վաստակ-իրավունք սկզբունքի հիման վրա, որը մեր գաղափարական պատկերացումն է ապագայի կառավարման մոդելում։ Դրա համար մեզ մոտ ամեն ինչ շատ պարզ ճշմարտությամբ վաղուց հստակեցված էր, թե ցուցակը, թե պարտականությունները, թե գործառույթները, թե քայլերի հերթականությունը։ Ու պատահական չէ, որ մենք առաջինը հայտարարեցինք մեր նպատակների մասին, ի տարբերություն մյուսների, որոնք լինելով իբր քաղաքականապես կայացած, մինչև վերջ գտնվում էին քաղաքական առևտրի մեջ։
  • Այսօր քաղաքական դաշտում ինքնուրույն նախաձեռնություններ գրեթե չկան ու խոսվում է ձեր հետևում ինչ-որ քաղաքական ուժերի ականջների մասին։
  • Դա բնական է, ընդ որում, հները մեղադրում են ներկաների հետ, ներկաները՝ հների հետ լինելու մեջ։ Նորից կրկնում եմ, որ դա բնական ենք համարում, ինչու՞․ նախ իրական անկախ ուժին այդ մեղադրանքները պետք է ուղղվեն և երկրորդը՝ դա որոշների գործելաոճն է։ Մենք հաճախ հումորով ենք մոտենում, նշելով, որ բոլորը մեկ տեղ հավաքվեն մեղադրանքները հստակեցնեն, կամ գոնե ավելի բարձր՝ քաղաքակրթական ուժերի պրոյեկտ լինելու մեջ մեղադրեն, թե չէ այնպիսի անուններ ենք լսում, որ նույնիսկ ամաչում ենք։ Իսկ եթե լուրջ, գիտենք, ովքեր, ինչ կեղտոտ տեխնոլոգիաներ են կիրառում։ Անուներն էլ գիտենք, պարզապես կյանքում չիրացված, միշտ պատվեր կատարող որոշներ փորձում են պարբերաբար ցեխ շպրտել։ Մենք չենք մտնելու այդ կեղտոտ խաղի մեջ, մենք չենք լինելու մեզ դեգրադացրած սևի ու սպիտակի, դրանց գորշ երանգների կռվի մեջ։ Մենք ցույց ենք տալու միայն դրականը, միայն արժեքայինը։ Իսկ ապագան ցույց կտա, որ միայն դրանց երեսները և ձեռքերն են ցեխոտ մնալու։ Այդ ցեխը մեր թռիչքին պարզապես չի հասնելու։
  • Գլխավոր հարցերից մեկը, ֆինանսավորումն է, ո՞վ է Ձեզ ֆինանսավորում։ Բավականին ճոխ գովազդ եք անում։ Ինչպես ասում են ով փողը տալիս է, նա էլ պատվիրում է։
  • Քանի որ մեր գաղափարական սկզբունքը, հայի սկզբունքը ազնվությունն է, ճշմարտություննէ ու պարզությունն է, ապա պարզ հստակ պատասխան։ Ծախսերի գերակշիռ մասը հոգում է գործարար Վարդան Գրիգորյանը։ Ներդրում ունեմ նաեւ ես։ Այստեղ երկու կարևոր շեշտադրում պետք է կատարվի։ Նախ սա այն դեպքն է, երբ ազգային կապիտալ կրողը սկսում է ներդրում կատարել ազգային գաղափարի, ազգային նպատակի վրա։ Որովհետև ազգային ինքնագիտակցություն ունեցողն ազգի ու պետության այս վիճակում չի կարող հանգիստ շարունակել կապիտալը բազմապատկել։ Մենք մեր ճանապարհով ապացուցել ենք ու երբեք փափուկ աթոռի ու անհոգ նյութապաշտության հետևից չենք գնացել։ Եվ երկրորդը, մեր ընթացքի ճոխությունը փողով չի արտահայտվում, սա թիմային աշխատանք է, բոլորի էներգիայի, ժամանակի, զոհաբերության արդյունք է, որի վրա գումար դնելով ստանում ենք այս ամենը։ Որովհետև ոչ մի գումարով «Գյումրին կռնայի» բանաստեղծությունն ու երգը չէր գրվի, սա պետք է ներքնաշխարհի ու ինքնագիտակցումից բխի։ Որովհետև ոչ մի գումարով երիտասարդները չէին ապահովի այն ազդեցությունն, ինչ գաղափարական կամավորությամբ ապահովեցին Գյումրին գունավորելով կամ ժպիտ պարգևելով։ Որովհետև մեր ոճը, ամբողջ դիզայնը կատարվում է մեր կողմից, գաղափարական հիմքով, Երևանի ու մյուս մարզերի մեր ընկերների նվիրվածության շնորհիվ։ Եվ այս ամենն է, որ շատերի աչքին մեր ընթացը ճոխություն է թվում։

  • Դուք խոսում եք Ազգային պետությունից և ազգային կառավարումից։ Նախ ի՞նչ են դրանք և հետո համայնքային մակարդակում հնարավո՞ր է իրագործել, եթե կենտրոնական իշխանություններն այլ քաղաքական ուղի ունեն։
  • Այո՛: Մենք ոչ միայն խոսում ենք Ազգային պետության և ազգային կառավարման մասին, այլև տևական ժամանակ է հստակ բանաձևեր և գործիքներ ենք առաջարկում այս համատեքստում։ Ազգապետությունը մենք պատկերացնում ենք համակեցության այն մակարդակը, որն ապահովելու է ազգային ինքությունը պայմանավորող արժեքների լիարժեք կենսագործունեությունը։ Որոպեսզի խուսափենք խիստ գաղափարական, գիտական բնորոշումներից ընդհանրացված նշենք, որ այն լինելու է մեր տեսակի պահպանումն ու զարգացումն ապահովող ինստիտուտների ամբողջությունը։ Այս համատեքստում համայնքը դառնում է առաջնային և գլխավոր օղակը։ Համայնքի կառավարումը առաջին հերթին պետք է ապահովի համայնքային ամբողջականությունը, որը հնարավոր է, եթե համայնքի յուրաքանչյուր բնակչի համար ապահովվում է բարոյական ու արժեքային հիմքով սոցիալական կապերի լիարժեք միջավայր։ Այսինքն, համայնքապետի և համայնքապետարանի գործառույթը ոչ թե պետք է լինի միայն հարկ հավաքելը, աղբի, լուսավորության կամ ասֆալտապատման խնդրի լուծումը, որ ինքնին կատարվելու է, այլ համայնքային միջավայրի, դրա լիրաժեքության ապահովումը։ Այսինքն, մենք համայնքապետարանը պատեկարցնում ենք այն գմբեթը, որը նախ համայնքը պաշտպանելու է արտաքին բացասական ազդեցություններից, իսկ իր հովանու տակ խորանելու է համայնքային, ազգային կյանքը, նրա զարգացումը։ Վերջինս հնարավոր է այն պարագայում, երբ համայնքապետարանը լիարժեք իրականացնում է իր գործառույթները, հատկապես կրթական (մանկապարտեզների միջոցով), մշակութային (միջոցառումների միջոցով), բարոյաարժեքային (սոցիալական կապերի, պատասխանատվության և իրավունքի ինստիտուտների հավասարակշռման միջոցով)։ Ազգային կառավարման պարագայում, որոշումները, դրանց իրագործումը կախված չի լինելու անհատից, նրան հաճոյանալու բնութից։ Մենք հստակ տեսնում ենք, որ համայնքային կառավարման ժամանակ ձևավորվելու է այն խորքային շերտը, որն ամբողջական պատասխանատվություն է կրելու համայնքի, ազգի և պետության առաջ։
  • Դուք խոսում եք ազգային տնտեսությունից՝ շրջանառու հիմնադրամներից: Ինչի՞ մասին է խոսքը։
  • Տնտեսության կառավարման հայեցակարգը մենք տեսնում ենք բնական իրավունքի և ՀՀ Անկախության Հռչակագրի հիմնադրույթների տրամաբանության մեջ: Դա չի նշանակում, որ մենք մերժում ենք գոյություն ունեցող համակարգը: Դա նշանակում է գոյություն ունեցող համակարգին զուգահեռ ստեղծել նոր տնտեսվարման համակարգը, որով հնարավոր է դառնում երկրում ազգային սեփականության ձևավորումը: Ինչպե՞ս է դա արվելու և ինչ արդյունք կարող ենք ակնկալել դրանից: Ստեղծվում է համաքաղաքային «Գյումրի» Շրջանառու Ներդրումային Հիմնադրամը, որի շահառուները քաղաքի բնակիչներն են: Հիմնադրամ է, որի միջոցները օգտագործվում են միայն ներդրումային նպատակներով: Հիմնադրամ է, որի ներդրումային ծրագրերի համար միջոցների վերադարձելիությունն ու շահութաբերությունը պարտադիր պայմաններ են: Հիմնադրամ է, որի գործառույթները անկախ են, չեն թելադրվում որևէ կառույցի կողմից և բխում են միայն իր շահառուների շահերից: Հիմնադրամը ունի սկզբունքային ու հայեցակարգային առանձնահատկություններ։ Դրանք են․
  1. Գյումրու բոլոր մշտական բնակիչները հանդիսանում են հիմնադրամի շահառուներ
  2. Հիմնադրամը անկախ, տնտեսվարող սուբյեկտ է, նրա ձևավորումը հաստատվում է Ավագանու կողմից
  3. Հիմնադրամի միջոցների ձևավորման աղբյուրները բնական ռեսուրսների շահագործման դիմաց վճարումներն են (բնօգտագործման ու բնապահպանական վճարներ), որոնք ՀՀ Անկախության Հռչակագրով ժողովրդի սեփականություն հռչակված ռեսուրսների օգտագործման դիմաց վճարումներն են և դիտարկվելու են որպես շահառուների (սեփականատերերի) կողմից կատարված ներդրումներ: Հիմնադրամի ձևավորման աղբյուրներ են նաև նվիրատվությունները և պայմանագրային ներդրումները
  4. Հիմնադրամի միջոցներով կատարվող ներդրումների ծավալները չեն արտացոլում տվյալ պահին քաղաքի ունեցած ֆինանսական հնարավորությունները: Այդ ներդրումները դիտարկվելու են կլիմայական փոփոխություններին առնչվող տեղական և գլոբալ բնապահպանական խնդիրների համատեքստում և դրանով հանդերձ, ներգրավելու են նաև միջազգային բնապահպանական ֆոնդերի միջոցները
  5. Հիմնադրամի կողմից կատարվող բոլոր ներդրումների համար պարտադիր պայմանը վերադարձելիության, ընդ որում շահույթով վերադարձելիության պայմանն է: Դրանով Հիմնադրամը ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում, հավելյալ եկամուտների աղբյուր է ապահովելու Հիմնադրամի շահառուների համար:

Հիմնադրամի շահառուները Գյումրու բնակիչներն են, հետևաբար հիմնադրամի բոլոր գործառույթների արդյունքում ստեղծվող արժեքները դառնալու են Գյումրու բնակիչների սեփականությունը: Դրանք, որպես հիմնադրամի բոլոր շահառուների սեփականություն, շահառուներին բավարարող պահանջներին համապատասխան, կառավարման կհանձնվեն տարբեր տնտեսվարող սուբյեկտների, մշտապես կայուն մուտքեր ապահովելով հիմնադրամին: Հիմնադրամը ներկայացնում է ազգային հարստության` ընդերքի և ջրային ռեսուրսների սեփականատիրոջը` ժողովրդին, իսկ հիմնադրամի կայուն մուտքերի մեջ են մտնում բնօգտագործման գումարները (կամ դրանց մի մասը) և բնավճարները: Դա նշանակում է, որ հիմնադրամը կլինի այն շահագրգիռ կառույցը, որը կկարողանա հաշվարկել ու ապահովել բնօգտագործման գումարների ու բնավճարների այնպիսի հաշվարկման մեթոդներ և այնպիսի չափեր, որոնք կլինեն իրական և կբացառեն այդ ռեսուրսների փոշիացումն ու կապահովեն դրանց շահագործման շահավետությունը: Ամեն տարվա վերջին Հիմնադրամը իր եկամուտների 10-15 %-ը հատկացնելու է որպես Շահառուների դիվիդենտ, իսկ մնացածը նորից օգտագործվում է որպես ներդրումային կապիտալ: Մենք առաձին փաթեթով ու սխեմաներով հիմնադրամի ողջ գաղափարը կներկայացնեք ավելի ուշ, միայն նշենք, որ այն հաջողված փորձ է համարվում արդեն Կանադայում և Նորվեգիայում, որտեղ վաշխառուական կապիտալի փոխարեն ներդրվում է ազգային տնտեսության էլէմենտներ:

  • Ինչու՞ է գյումրեցին ձեզ ընտրելու:
  • Մեր բանաստեղծության ու երգի մեջ, մեր արժեքային տաճարի հիմնասյուների միջոցով ձևակերպել ենք, թե ինչ մեծ առաքելություն ենք սպասում Գյումրիից։ Ու միաժամանակ վստահ ենք, որ «Գյումրին կռնա»։ Իսկ որպեսզի «Գյումրին կռնանա», ապա առաջինը գյումրեցին պետք է կռնանա։ Այսինքն, մեր տեսակի ոգեղեն թռիչքը յուրաքանչյուր գյումրեցի իր սեփականությունն է համարելու։ Իսկ եթե գյումրեցին դա վերցրեց, ուրեմն ապահովված է մեր հիմնական նպատակը՝ Հայկը հաղթելու է ոսոխ Բելին։ Սա տեսակի պայքար է, իսկ գյումրեցին ապացուցել է միշտ, որ այդ տեսակը կրթողն է` արժանապատիվ, պատվախնդիր ու արժեքային։

 

wp-apeth