Կարեն Խաչատրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

Կարեն Խաչատրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 3 մեդալ է նվաճել  Ուֆայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Սահակ Հովհաննիսյանը և Կարեն Խաչատրյանը դարձել են արծաթե, իսկ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ: 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել լիտվացի Վիլիուս Սավիսկասի նկատմամբ: Հաջորդիվ հայ ըմբիշը 2:1 հաշվով պարտության է մատնել գերմանացի Աարոն Բելշայդին և 3:0 հաշվով՝ ուկրաինացի Մարիան Հոլուբովսկիին: Եզրափակիչ գոտեմարտում Հովհաննիսյանը 0:7 հաշվով զիջել է Հասրաթ Ջաֆարովին (Ադրբեջան)՝ այդպիսով դառնալով արծաթե մեդալակիր:

Գյումրեցի 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Գևորգյան) ևս մինչև եզրափակիչ 3 հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով  հունգարացի Դոմինիկ Անդրասի (3:1), վրացի Սաբա Մամալաձեի (8:1) և հնդիկ Ռավի Մալիկի նկատմամբ (9:0): Ոսկե մեդալի համար գոտեմարտում Խաչատրյանը 3:6 հաշվով զիջել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին:

72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանն արժանացել է երրորդ մրցանակին՝ բրոնզե մեդալի համար  գոտեմարտում 9:1 հաշվով հաղթելով ադրբեջանցի Խասայ Հասանլիին:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գևորգ Սուքիասյանը  (63 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարն  ավարտել էին ազատոճային ըմբիշները. 125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Լյովա Գևորգյանը, իսկ 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Մանվել Խնձրցյանը:

wp-apeth