Երեք հաղթանակ՝ մեկ երեկոյի ընթացքում. Համազարյան, Աբգարյան, Նազարյան

Երեք հաղթանակ՝ մեկ երեկոյի ընթացքում. Համազարյան, Աբգարյան, Նազարյան

Առաջին ռաունդում ամեն ինչ կարող էր ավարտվել, սակայն Ժորա Համազարյանը (Գյումրի, Հայաստան, 11-3-2) չերերաց ու կարողացավ հավաքվել ու վերջնարդյունքում հերթական հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Երեկոյի (RCC Boxing) ութերորդ մենամարտում գյումրեցի բռնցքամարտիկի հակառակորդն ուզբեկ Շերզոդ Աբդուրազզակովն էր (Ռապկոն, Ուզբեկստան, 2-3-0): Ժորան փոխել է քաշային կարգն ու այս անգամ մրցելույթ ունեցավ մինչև 59 կգ քաշային կարգում:

Մենամարտից առաջ ֆավորիտն անխոս Համազարյանն էր, բայց մեկնարկային ռաունդներում ավելի լավ տեսք ուներ հենց հակառակորդը: Ուզբեկ բռնցքամարտիկը կարող էր բոլոր հարցերը հանել դեռ առաջին ռաունդում, բայց հայ մարզիկը դիմացավ մինչև գոնգը: Ընթացքում Ժորան ուքի եկավ ու սկսած երրորդ ռաունդից նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը:

Ամեն ինչ տանում էր նրան, որ հաղթողի անունը պարզ կդառնա միայն մրցավարների որոշումից հետո, բայց Համազարյանին հաջողվեց ժամանակից շուտ ծնկի բերել հակառակորդին: Վեցերորդ ռաունդի վերջում Ժորան աջից կատարած հուժկու հարվածով գետնին տապալեց Շերզոդին: Վերջինս հետո կանգեց, բայց մրցավարը կանգնեցրեց մարտը՝ համարելով, որ Ուզբեսկտանի ներկայացուցիչն ի վիճակի չէ շարունակել:

Մենամարտից հետո Ժորա Համազարյանը կիսվել է տպավորություններով՝ ընդգծելով, որ նախապատրաստվել է ձախլիկ հակառակորդի հետ մենամարտին, բայց մենամարտեց աջլիկի հետ:

«Մենք այլ հակառակորդի հետ մենամարտին էինք պատրաստվում, որը մեկ շաբաթ առաջ վնասվածք ստացավ: Հակառակորդը փոխվեց: Դուք բայց տեսաք, որ չնայած դրան մենք ցույց տվեցինք լավ բռնցքամարտ: Հակառակորդը լավն էր, երիտասարդ, նրա մոտ ամեն ինչ առջևում է, իսկ մենք պատրաստվում ենք առաջ շարժվել: Պատրաստվում էի ձախլիկի, դուրս եկա աջլիկի հետ: Ստիպված ուսումնասիրում էի նրան արդեն մարտի ժամանակ: Երկրորդ ռաունդից հետո գիտեի նրա թույլ կողմերը, որոնք վրա էլ աշխատեցի: Մի քանի շաբաթ կհանգստանամ և կսկսեմ պատրաստվել նոյեմբերին կայանալիք երեկոյին: Նախապատրաստական շրջանը թե ինչպես կանցնի, կախված է հակառակորդից»,- ասել է Համազարյանը:

Ժորա Համազարյանը պրոֆեսիոնալ ռինգում է 2015 թվականից, 25 տարեկան է: Այս ընթացքում հասցրել է անցկացնել 16 մենամարտ, տարել է 11 հաղթանակ, կրել է 3 պարտություն, 2 ոչ-ոքի ունի:

Հավելենք, որ երեկոյի ընթացքում հաղթանակներ տարան նաև Նարեկ Աբգարյանն (Երևան, Հայաստան, 15-1-0) ու Այրիկ Նազարյանը (Երևան, Հայաստան, 1-0-0): Վերջինս նշեց իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում:

wp-apeth