«Շիրակին» կփոխարինի «Նորավանքը»

«Շիրակին» կփոխարինի «Նորավանքը»

Հուլիսի 9-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կայացվել են մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից թիմերի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի հաստատման վերաբերյալ:

«ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն կողմ քվեարկեցին ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալուն: Հարցի շուրջ դրականորեն էին արտահայտվել նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մասնակից բոլոր ակումբները: Շատ կարևոր է, որ ԲԿՄԱ-ում հանդես եկող ֆուտբոլիստները, որոնք հիմնականում հանդիսանում են Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականների անդամներ, խաղան ավելի բարձր մակարդակի առաջնությունում՝ ավելի ուժեղ թիմերի դեմ, ինչը կնպաստի նրանց որակական աճին:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նախապես չէր տեղեկացրել ՀՖՖ-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես չգալու որոշման մասին, ինչի պատճառով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների 2021/2022 մրցաշրջանի կանոնակարգը մշակվել և կազմվել էր 10 թիմերի մասնակցությամբ: Կարևորելով հենց 10 թիմով մրցաշար անցկացնելու հանգամանքը՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեին առաջարկվեց հավանություն տալ «Նորավանք» ՖԱ-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանում հանդես գալուն:

Չնայած նրան, որ «Նորավանք» ՖԱ-ն չունի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու ազգային արտոնագիր, սակայն առկա են այդ ակումբի մասնակցության նպատակահարմարությունը հաստատող մի շարք հանգամանքներ.

Նախևառաջ, «Նորավանք» ՖԱ-ն չի համապատասխանել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մասնակցության իրավունք ունեցող ազգային արտոնագիր ստանալուն ընդամենը մի կետով՝ մանկապատանեկան թիմերի համապատասխան քանակի թիմեր չունենալով: ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերի՝ սեպտեմբերին մեկնարկող նոր մրցաշրջանում «Նորավանք» ՖԱ-ն արդեն կունենա համապատասխան քանակի թիմեր:

Երկրորդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար շատ կարևոր է, որ «Նորավանք» ՖԱ-ն մարզային թիմ է, հանդես է գալու Վայոց Ձորի մարզում՝ արհեստական խոտածածկով սեփական մարզադաշտում (Վայքում): Ակումբը նաև նախատեսում է վերանորոգել բնական խոտածածկով մարզադաշտը Եղեգնաձորում: Մարզային ֆուտբոլի զարգացումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից մեկը:

Երրորդ, ՀՖՖ-ի համար շատ կարևոր է ունենալ 10 թիմով առաջնություն, որը կանցկացվի 4 շրջանով և թիմերից որևէ մեկը տուրերից մեկի ընթացքում ազատ չի լինի խաղեր անցկացնելուց:

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն կողմ քվեարկեցին «Նորավանք» ՖԱ-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանում հանդես գալուն:

Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ՝ «Ալաշկերտ», «Նոա», «Ուրարտու», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Վան» «Փյունիկ» «Սևան», ԲԿՄԱ «Նորավանք»: Մրցաշարը կանցկացվի 4 շրջանով».- ասված է ՀՖՖ պաշտոնական կայքում:

wp-apeth