«Փյունիկը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի Դիլիջանում

«Փյունիկը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի Դիլիջանում

Երևանի «Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմը վերսկսել է մարզումները հունիսի 18-ից, այս օրերին հավաք է անցկացնում Դիլիջանում, որի շրջանակներում անցկացնելու է ստուգողական մեկ հանդիպում՝ մրցելով «Լեռնային Արցախի» հետ: Խաղը կայանալու է հուլիսի 7-ին: Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ևս երկու ընկերական հանդիպում թիմը կանցկացնի դիլիջանյան երկրորդ հավաքի շրջանակում՝ ԲԿՄԱ-ի և «Սևանի» հետ, համապատասխանաբար հուլիսի 14-ին և 17-ին: Նշվում է, որ թիմի արտասահմանյան հավաքի վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ:

Այս ընթացքում թիմը հասցրել է կազմը համալրել նորեկներով, մասնավորապես «Փյունիկին» է միացել 22-ամյա կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը: Վերջինս «Ուրարտուի» սան է։ Հանդես է եկել «Ֆորեստա» (Ռումինիա), «Նոա» և «Վան» թիմերում

«Փյունիկ» է վերադարձել 26-ամյա պաշտպան Վասպուրակ Մինասյանը։ Վերջինս «Փյունիկի» սան է։ «Փյունիկի» գլխավոր թիմի կազմում Վասպուրակ Մինասյանը մասնակցել է 99 խաղի։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Գանձասարում» և «Ալաշկերտում»:

31-ամյա պաշտպան Հայկ Իշխանյանը նույնպես կարիերան կշարունակի «Փյունիկում», որն անցած առաջնության երկրորդ հատվածն անցկացրեց Գյումրու «Շիրակում»: Ֆուտբոլիստը հանդիսանում է նաև Հայաստանի Ազգային հավաքականի թեկնածու, որի կազմում անցկացրել է 13 խաղ։

«Փյունիկ» է վերադարձել նաև 27-ամյա կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։ Նա ակումբի սան է, հանդես է եկել «Արարատ» և «Նոա» թիմերում։ Անցած առաջնությունում Գարեգինյանը մասնակցել է 13 խաղի։ Յուրի Գարեգինյանը մեկ անգամ հրավիրվել է նաև Հայաստանի հավաքական՝ մասնակցելով Վրաստանի հավաքականի հետ խաղին (2:2):

Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս Ժամիսոն Տելես դոս Սանթոս Ջունիորը՝ Ժունինյոն: Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Իտաբայանա» և «Պարանա» թիմերում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։

Թիմին է միացել 31-ամյա պաշտպան Զորան Գայիչը։ Սերբ ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Մլադոնեվաչ, «Ռադ», «Բորսա», բուլղարական «Արդա», ինչպես նաև չեխական «Բոհեմիանս», «Զլին», «Զբրոյովկա» թիմերում։ Զորան Գայիչը 6 խաղ է անցկացրել նաև Եվրոպա լիգայի խմբային փուլում։

«Փյունիկից» հեռացել է կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։ Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը: Ալիկ Առաքելյանը «Փյունիկում» էր 2015 թվականից։ Թիմի կազմում 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 153 հանդիպում։ «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը նույնպես հեռացել է թիմից և վարձավճարով կխաղա «Վանում»:

«Փյունիկն» երկարաձգել է պայմանագրերի ժամկետները դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի և կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ: Երկուսն էլ «Փյունիկին» միացել են 2020թ․ ամռանը։  Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ստանիսլավ Բուչնևը Փյունիկի կազմում անցկացրել է 19 խաղ՝ 9 խաղում անառիկ պահելով սեփական դարպասը։ Արթուր Գրիգորյանը նույնպես մասնակցել է Պրեմիեր լիգայի 19 խաղի։

Հավելենք, որ «Փյունիկի» մարզչական շտաբում տեղի է ունեցել համալրումներ։ Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում են ընդգրկվել հայազգի մասնագետներ Աշոտ Բարսեղյանը (գլխավոր մարզչի օգնական) և Ստեփան Դեմիրճյանը (դարպասապահների մարզիչ):

wp-apeth