ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան 30 ներկայացուցիչ արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների:

Մարզիկները կոչումների արժանացել են ծանրամարտ, սամբո, բռնցքամարտ, լող, ձյուդո, սուսերամարտ, պաուերլիֆտինգ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևերում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ-ում հյուրընկալելով և շնորհավորելով կոչումների արժանացած մարզիկներին, հորդորել է չընկրկել դժվարությունների առաջ. «ՀՀ սպորտի վարպետը նվաճումների առաջին լուրջ քայլն է դեպի նոր ու բաղձալի հաղթանակներ: Իրական մեծ հաղթանակները լինում են, երբ կարողանում եք նախևառաջ հաղթել ինքներդ ձեզ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում. ուրախ կլինեմ մոտ ապագայում ձեզ շնորհել սպորտային ամենաբարձր՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչումը», որը տրվում է միայն աշխարհի չեմպիոններին և օլիմպիական խաղերի մրցանակակիրներին»: Ամբողջական ցանկն՝ այստեղ:

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահության ֆեդերացիայի կողմից նախագահ Գագիկ Սարոյանը շնորհակալագիր է փոխանցել փոխնախարար Կ. Գիլոյանին և ուժային մարզաձևերը հանրապետության տարածքում զարգացնելու վստահություն հայտնել: