Գյումրեցի հրաձիգը սահմանեց Հայաստանի ռեկորդ

Գյումրեցի հրաձիգը սահմանեց Հայաստանի ռեկորդ

Տեղի է ունեցել աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը, որի ընթացքին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Արդեն 8-րդ անգամ անցկացված հուշամրցաշարին մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները: Օդամղիչ հրացան, 10 մետր, 60 կրակոց մրցաձևում լավագույն արդյունքը գրանցել են Վրեժ Թորոսյանն ու Ալլա Պողոսյանը, իսկ օդամղիչ ատրճանակ, 10 մետր, 60 կրակոց ձևում՝ Նորայր Առաքելյանն ու Էլմիրա Կարապետյանը, իսկ վազող թիրախ, նորմալ վազք, 10 մետր, 30+30 կրակոց և խառը վազք, 10 մետր, 20+20 կրակոց ձևերում առաջին մրցանակին արժանացել են նույն մարզիկները՝ Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Հուշամրցաշարի եզրափակիչ օրը Գոռ Խաչատրյանը, որը վերջին մեկ տարում լրացրել է ՀՀ սպորտի վարպետի և ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի նորմաները, ստացել է համապատասխան կոչումները: Միլենա Պողոսյանին և Արմեն Մարտիրոսյանին հանձնել են ՀՀ սպորտի վարպետի կոչումը, իսկ Ժաննա Պողոսյանին և Տիգրան Մանուկյանին՝ ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի:

Հավելենք, որ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մարզչական կազմի որոշմամբ՝ հուշամրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, որը, խառը վազք ձևում խոցելով 386 միավոր, սահմանել է Հայաստանի ռեկորդ:

wp-apeth