Առաջնությունը վերսկսվում է, բայց ինչպե՞ս

Առաջնությունը վերսկսվում է, բայց ինչպե՞ս

Օրեր անց կվերսկսվի Հայաստանի առաջնությունը, առաջիկա տուրի հանդիպումները կանցնեն առանց հանդիսականների: Ըստ ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները: Լրացուցիչ այլ տեղեկություն կապված մի շարք հարցերի հետ, որոնք գոյություն ունեն հանրության շրջանում, ֆեդերացիայի մամուլի ծառայությունը դեռ չի հրապարակել: Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը, որոնք ֆուտբոլային կառույցը պետք է հստակեցնի մինչև առաջնության վերսկսվելը:

Կադրային խնդիրներն ու փոփոխությունների քանակը

Թիմերը կադրային խնդիրներով են մոտենում առաջիկա խաղերին՝ հաշվի առնելով, որ լեգեոներների մի մասը մինչև սահմանները փակվելը մեկնել են իրենց հայրենիք և այս ընթացքում հնարավորություն չեն ունեցել վերադառնալ: Օրինակ, եթե «Շիրակը» նման մեկ կորուստ ունի՝ ի դեմս Ուրոշ Նենադովիչի, ապա նույնը չի կարելի ասել գյումրեցիների առաջիկա մրցակից «Լոռիի» մասին, որն այս օրերին մարզվում է առանց մի շարք լեգեոներների ու գլխավոր մարզչի:  Երբ կլուծվի հարցը, դժվար է ասել, սակայն առաջին հերթին սա հաշվի առնելով պետք է հստակեցնել խաղի ընթացքում փոփոխությունների հարցը՝ ավելացնելով դրանց թիվը: Հարցը պետք է դիտարկել նաև գրաֆիկով պայմանավորված ծանրաբեռնվածության ու հնարավոր վնասվածքների տեսանկյունից:

Վարակի տարածումը

Չնայած պնդումներին, որ ակումբների ներկայացուցիչները փորձում են պահպանել բոլոր կանոնները վարակի տարածումը կանխարգելելու համար, պարզ է, որ ոչ ոք երաշխավորված չէ վարակվելուց: Արդյոք հաշվի են առնված բոլոր հնարավոր սցենարները: Այս մասով տեղեկությունները քիչ են ու հիմնված միայն ենթադրությունների վրա: Ինչ որոշում կկայացնի ֆեդերացիան օրինակ այն դեպքում, երբ մի կամ մի քանի տուր հետո պարզ կդառնա, որ թիմերից մեկում կա վարակակիր կամ վարակակիրներ: Որպես արդեն ընդունված կանոն նման դեպքերում պետք է ինքնամեկուսանան նրանք, որոնք շփվել են տվյալ խաղացողի, մարզչի կամ ակումբի ներկայացուցչի հետ:

Առաջնությունը կդադարեցվի, թե՝ ոչ

Հնարավոր սցենարներից մեկն այն է, որ օրինակ երկու տուր հետո, երբ մրցաշարային աղյուսակում արդեն դիրքերի փոփոխություն է տեղի ունեցել, թիմերից առնվազն մեկում ի հայտ են բերում վարակակիր: Չի բացառվում նաև, որ դա տեղի կունենա հաշվետու հանդիպումից անմիջապես հետո: Սա նշանակում է, որ կարող է վարակված լինեն ոչ միայն տվյալ թիմի, այլ նաև մրցակցի ներկայացուցիչները: Արդյոք այս դեպքում առաջնությունը կրկին կդադարեցվի: Եթե իրադարձությունները նման կերպ զարգանան, ապա դրա վերջը պարզապես չի երևա: Պարզ է, որ հնարավոր չէ անվերջ հետաձգել առաջնությունը ու ի վերջո գուցե որոշում կկայացվի ավարտել մրցաշրջանը:

Առաջնությունը կմնա անավարտ, թե՝ ոչ

Չի բացառվում, որ իրավիճակը կդառնա անվերահսկելի մի քանի տուր անց կամ պարզապես թիմերից առնվազն մեկին ստիպված կլինեն մեկուսացնել: Ինչպես լինել այս դեպքում: Արդյոք առաջնությունը կշարունակվի առանց նշված թիմի, թե որոշում կկայացվի ավարտել մրցաշրջանը:

Պետք է սահմանել հստակ կանոններ

Մինչև առաջնության վերսկսվելը պետք է սահմանել հստակ կանոններ հնարավոր բոլոր սցենարների համար՝ հետագա տհաճ միջադեպերից ու խոսակցություններից զերծ մնալու համար: Արդյոք հաշվի է առնվել այն, որ թիմերից մեկին օրինակ ձեռնտու կլինի ինչ-որ պահի ավարտել առաջնությունը ժամանակից շուտ ու տվյալ թիմը կփորձի օգտվել «մեկուսանալու իրավունքից»:

Եթե վերսկսել, ապա փորձել ավարտել

Այս և նման այլ հարցերի շուրջ նախապես պետք է քննարկումներ տեղի ունենային ակումբների ներկայացուցիչների հետ ու ֆեդերացիան պետք է դրանց շուրջ լինի կտրուկ ու վճռական: Առաջնությունը վերսկսելու որոշում է կայացվել, հետևաբար այն պետք է գոնե փորձել ավարտին հասցնել: Հակառակ պարագայում, եթե չկան հստակ կանոններ վերոգրյալ ու նմանատիպ դրվագների առումով, ապա ավելի լավ է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա:

Լրագրողների մուտքն ու սոցիալական հեռավորությունը

Ինչպես են արտակարգ պայմաններում աշխատելու լրագրողները, հարցազրույցների, հետխաղյա ասուլիսների ժամանակ: Ինչպես են նրանք մուտք գործելու մարզադաշտ, արդյոք կատարվելու է ջերմաչափում և այլն: Արդյոք այս ուղղությամբ տարվել կամ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այս և նման հարցերի շուրջ ևս պետք է լինի հստակություն ու ցանկալի է, որ բոլոր միջոցառումների մասին պատասխանատու կազմակերպիչները հայտնեն հնարավորինս շուտ:

wp-apeth