25-ամյա ուղևորուհին տեղում մահացել է, կա երեք վիրավոր

25-ամյա ուղևորուհին տեղում մահացել է, կա երեք վիրավոր

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին։ Վթարի հետևանքով ուղևորուհի՝ 25-ամյա Հասմիկ Գևորգյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին։

  • ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին, ժամը 17:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Սուրեն Խ., ծնված 1991 թ․) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Խաչատուր Ս., ծնված 1958 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Նելլի Մ., ծնված 1967 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ուղևորինը՝ բավարար։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին:

  • ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին

Ապրիլի 11-ին, ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ս., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:  Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գագիկ Ս.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

wp-apeth