Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա

Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրական սյան վրա կա կախված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ Վալերի Բ.-ն (ծնված 1996 թ.) էլեկտրական սյան վրա աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է: Փրկարարները Վալերի Բ.-ին իջեցրել են էլեկտրական սյան վրայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ մահացել է:

  • Ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը

Ապրիլի 4-ին, ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի անիվը վնասվել է, ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը. առկա է ձորն ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Մ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

  • Փրկարարները սահմանազատել են տարածքը

Ապրիլի 4-ին, ժամը 16:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 քմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը:

  • Հայտնաբերվել է դի

Ապրիլի 4-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 4/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ 5 օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Մանվել Կ.-ի (ծնված 1958 թ.) դին:

  • Փլուզում Վարդաշեն փողոցում. տուժածներ չկան

Ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 66/1 հանրակացարանային շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պատշգամբի հարթակի մոտ 25 սմ հատվածի փլուզում:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին:

wp-apeth