Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում խնամյալները խմիչք են օգտագործել. Միջադեպեր են գրանցվել

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում խնամյալները խմիչք են օգտագործել. Միջադեպեր են գրանցվել

2021թ. ընթացքում Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրվել են մի շարք պատահարներ և հանցագործության դեպքեր:

Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես, 2021թ. ապրիլի 5-ին՝ աջ արմունկահոդային կտրված վերք, ալկոհոլային հարբածություն, ինքնավնասում ախտորոշմամբ  Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից Գյումրու բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել նշված կենտրոնի 59-ամյա մի խնամյալ բնակիչ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ  վերջինս, այդ օրը միայնակ գտնվել է իր սենյակում, օգտագործել ալկոհոլ և այդ վիճակում ածելիով ինքնավնասում կատարել, որից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել է բժշկական կենտրոն:

 Համաձայն Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից ստացված տեղեկանքի՝ նշված անձը հաշվառման մեջ է գտնվել կենտրոնի նարկոլոգիական դիսպանսերում «հոգեկան և վարքի խանգարում ալկոհոլի գործածման հետևանքով կախվածության համախտանիշ» ախտորոշմամբ:

Բացի այդ, օգոստոսի 22-ին, խնամքի կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված ահազանգի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խնամքի կենտրոնում նոյն սենյակում համատեղ բնակվող 2՝ շարժողական խնդիրներ ունեցող խնամյալներ նույն օրը երեկոյան մի քանի բաժակ ոգելից խմիչք են օգտագործել, նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է առաջացել, մասնավորապես այն հարցի կապակցությամբ, թե դեպի պետքարան տեղաշարժվելու իրենցից առաջինն ում պետք է օգնեն աշխատակիցները: Վեճի ընթացքում նրանցից մեկը փայտե ձեռնափայտի օգնությամբ հարվածներ է հասցրել մյուսի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Այսինքն, պարզվել է, որ կենտրոնում խնամվող անձինք իրենց մոտ պահում և օգտագործել են ոգելից խմիչք: Մինչդեռ, համաձայն խնամքի կենտրոնի կանոնակարգի՝ խնամվողներին արգելվում է օգտագործել ոգելիս խմիչքներ: Հիշյալ փաստն անուշադրության է մատնվել խնամքի կենտրոնի պատասխանատուների կողմից, ինչը, մասնավորապես երկրորդ դեպքում, տեղաշարժման խնդիրի հետ հանրագումարում հանգեցրել է անցանկալի դեպքի կատարմանը:

Բացի վերոնշյալը, 2021թ. հուլիսի 22-ի երեկոյան Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից ոստիկանություն ահազանգի հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը կենտրոնի մի տղամարդ բնակիչ  իր սենյակում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի արդյունքում մի քանի հարվածներ է հասցրել նույն կենտրոնի մի բնակչուհու և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Դիմողի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է նաև այս դեպքում:

Նախապատրաստված նյութերով երեք դեպքում էլ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ են կայացվել՝ առաջինը՝ հանցադեպի բացակայության, մյուսները՝ դիմողի բողոքի բացակայության հիմքերով:

Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ խնամյալները, ունենալով տեղաշարժվելու հետ կապված դժվարություններ, դուրս մնալով խնմաքի կենտրոնի աշխատակիցների ուշադրությունից, կորցրել են հավասարակշռությունը և վայր են ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրված դեպքերին առնչվող նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց վերջին շրջանի որոշակի ավելացումը կենտրոնում իրավասու անձանց կողմից կանոնակարգային պահանջների պահպանման, նկատմամբ բավարար հսկողության թուլացման, պատրականությունները ոչ այնքան բարեխիղճ կատարելու և առանց այն էլ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ առանձին դեպքերում բավարար հոգատարություն չցուցաբերելու հետևանք են: Մինդեռ դրանք կարող են հանցագործությունների կատարման նպաստավոր պայմաններ ստեղծել և ինչպես կենտրոնի խնամյալների, այնպես էլ խնամողների կամ աշխատակիցների համար անցանկալի, ընդհուպ ծանր հետևանքներ առաջացնել:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազը միջնորդագիր է հղել Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահին՝ քննարկելու Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրված պատահարներին հանգեցրած պատճառները և գործուն քայլեր ձեռնարկելու նմանատիպ երևույթների բացառման ուղղությամբ, ինչպես նաև լուծել այն աշխատակիցների կարգապահական պատասխանատվության հարցերը, որոնք, հնարավոր է՝ թերացել են իրենց պարտականությունների կատարման հարցում:

wp-apeth