Վարչապետն ընդունել է «Գեոպրոմայնինգի» տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին

Վարչապետն ընդունել է «Գեոպրոմայնինգի» տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին:

Զրուցակիցները քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը:

«Ողջունում եմ Ձեզ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել՝ կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերութան, այլ նաև մեր տնտեսության համար: Գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և զարգացմանը»,— ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Ռոման Տրոցենկոն նշել է. «Շնորհակալություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության համար, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ: Մենք ուրախ ենք ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա կայունացնել կոմբինատի շուրջ իրավիճակը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի: Դա թույլ կտա վերամշակել արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայան: Ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ»:

Վարչապետը նկատել է, որ պղնձաձուլարանի կառուցումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծավալների նոր պահանջարկի: «Ծրագրերի հաջող իրականացումը շատ կարևոր է մեզ համար և հույս ունենք, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է նման նախագծով և կօժանդակի դրա առավել արդյունավետ իրականացմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերումը, ինչը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊ը, կնպաստի մասնավոր հատված-պետություն համագործակցության ընդլայնմանը, ԶՊՄԿ-ի հետագա արդյունավետ գործունեությանը:

Զրուցակիցները կարևորել են ծրագրերի ժամանակին և հնարավորինս արագ իրականացումը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել այդ ուղղութամբ:

wp-apeth