Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց երկու ամսով

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց երկու ամսով

Դատարանի որոշել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կիրառել 2 ամիս ժամկետով կալանք:  Այս մասին հայտնել է Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքի էջում:

«Գիշերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քննարկելով Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը որոշում կայացրեց Մհեր Փարամազյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով։ Սակայն «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ոչ թե ոմն Մհեր, այլ Մանվել Փարամազյանը։ Սա սովորական դատական ակտի վրիպակ համարել չի կարելի, որովհետև ամբողջ դատական ակտն է այդպիսին։ Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել։ Մինչև ուշ գիշեր տևած դատական նիստի ընթացքում հիմնավորվել է, որ Մանվել Փարամազյանի մեղադրանքը ակնհայտ ապօրինի է և դատարան ներկայացված փաստաթղթերից և ոչ մեկով չի հիմնավորվում, գոնե հիմնավոր կասկածի մակարդակով Փարամազյանը առնչություն ունի որևէ հանցագործության հետ։ Վերջին տարիներին դատարանները փորձ էին կատարում անկախանալ և գնալով ավելի շատ ու շատ դատավորներ փորձ էին կատարում ծառայել օրենքին, այլ ոչ իշխանությանը։ Գագիկ Պողոսյանը իր այս որոշմամբ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը նշված դատավորների թվին չի պատկանում։ Այսօր տարբեր դատավորների նախագահությամբ քննարկվելու է սույն գործով մի շարք անձանց կալանավորելու հարցը։ Կայացված դատական ակտերով պարզ կդառնա, թե դատարանները դեռևս շարունակվում են միտված լինել անկախանալու, թե ՀՀ ԱԺ ընտրությունները փոխել են նաև այս միտումը»,- գրել է Սահակյանը:

Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2021 թվականի հուլիսի 8-ին ժամը 11.15 Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01.24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:

«Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը մեր կողմից վիճարկվում է դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն, որոնք քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: Առաջադրված մեղադրանքը կապված է 2017 թվականին Մանվել Փարամազյանի ընկերներից մեկի կողմից սեփականատիրոջից հողատարածք ձեռք բերելու, ապա հետագայում երրորդ անձի, ավելի բարձր գնով, վաճառելու մի պատմության հետ, որի ընթացքում հողատարածքը ձեռք բերողն ու վաճառողը այդ գործարքը պարզապես իրականացրել է իր ազգականի անվամբ: Թեև նշված գործարքն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, նոտարական կարգով, կադաստրային գրանցումով ու չի ենթադրում որևէ ապօրինություն, ու անհասկանալի է, թե դրա ենթատեքստում ինչպես հնարավոր է հանցակազմ նշմարել, այնուամենայնիվ ինքը՝ Մանվել Փարամազյանը որևէ առնչություն չի ունեցել այդ գործարքին: Առաջադրված մեղադրանքին առավել փաստարկված ու մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: Նման պարագայում, տեղի ունեցածի մեջ հանցակազմ նշմարելը, առավել ևս այդ ամենը Մանվել Փարամազյանի հետ կապելը ակնհայտ է դարձնում, որ առնչվում ենք իրավական դաշտից դուրս գտնվող գործողությունների հետ»,- գրել էր պաշտպանը:

wp-apeth