Կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների երեխաների ամառային հանգիստը

Կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների երեխաների ամառային հանգիստը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն ավելացնել 335,078.4 հազար դրամ գումարով: Այդ գումարը կուղղվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպմանը: Ճամբարը նախատեսվում է կազմակերպել հետևյալ կազմակերպությունների միջոցով՝ «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «ԼԱՎԱ աղբյուր», «Լուսաբաց ճամբար» առողջարարական, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան», «Գուգարք ճամբար» ընկերություններ: Ըստ հիմնավորման՝ 2020 թ. 4800 շահառուների ամառային հանգստի կազմակերպման համար կազմակերպվել է դրամաշնորհային մրցույթ, սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված երեխաների ամառային հանգիստը չի կազմակերպվել։ Ըստ այդմ, հաշվի առնելով, որ արդեն իսկ սկսվել են ամառային արձակուրդները և համաճարակային իրավիճակով պայմանավորված հանգստին հատկացված ժամանակահատվածն ավելի կարճ է, քան նախորդ տարիներին (3 ամսվա փոխարեն՝ 2), առաջարկվում է շահառու խմբի ամառային հանգիստը կազմակերպելու համար գումարներն ուղղել վերը թվարկված 7 կազմակերպություններին՝ առանց մրցույթի դրամաշնորհի տրամադրմամբ: Ճամբարը նախատեսվում է կազմակերպել 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա։

Ընդհանուր գումարը կկազմի 335 մլն դրամ, որից 321,6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին ամառային հանգիստը կազմակերպելու համար (սնունդ, կեցություն, մանկավարժական կազմի վարձատրություն և այլն), իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ տրանսպարտային ծախսերը հոգալու համար։

Հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ծանրամարտիկներին համապատասխան ծանրաձողերով ապահովելու հարցին և տեղեկացրել, որ ծանրաձողերը երկու օրից՝ ամենաուշը կիրակի օրը կլինեն ՀՀ-ում:

wp-apeth