ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 920 դեպք, որից 562-ը՝ արտակարգ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 920 դեպք, որից 562-ը՝ արտակարգ

Հունիսի 21-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 920 դեպք, որից 562-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 440 հրդեհի, 1 փլուզման, 2 քարաթափման, 10 ուժեղ քամու, 10 ինքնասպանության փորձի դեպք, 77 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 178 կենցաղային կանչ. տուժել է 177 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 7 մահ: Արձանագրվել է թունավորման 22 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց: Ավելի մանրամասն

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 920 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված շարունակում է աճել հրդեհների քանակը: Եթե հունիսի առաջին յոթ օրում գրանցվել էր 202, ապա անցած շաբաթ՝ 440 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 48 կեղծ ահազանգ: Հրդեհները կանխելու նպատակով փրկարարները չորացած խոտածածկով տարածքներում հսկվող այրումներ են կազմակերպում:

Անցած շաբաթ փրկարարները 178 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Ավան, Կենտրոն, Նոր նորք, Դավիթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 48 ահազանգ է ստացել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 18 դեպքում: Տարբեր պատճառներով արգելափակված 6 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ:

Այլ կանչեր. Նոր Նորքի փրկարարները ուշ գիշերին մի քաղաքացուց ահազանգ են ստացել, որ ինքը ոտքով հարվածել է իր իսկ բնակարանի միջսենյակային դռանը, ինչից ոտքն արգելափակվել է դռան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարարները 32-ամյա տղամարդու ոտքը դուրս են բերել արգելափակումից:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը շինանյութերի գործարանի արտադրամասում», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը բազմաբնակարան շենքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը բուժհաստատությունում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավի դեպքում», «Հրդեհաշիջումը բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում», «Հրդեհաշիջման կազմակերպումը մարզամշակութային կենտրոնում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

wp-apeth