Կառավարությունը հավանություն է տվել հանրային ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված օրինագծերի փաթեթներին

Կառավարությունը հավանություն է տվել հանրային ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված օրինագծերի փաթեթներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և խոսել համաճարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին:

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ՀՀ ադարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված օրինագծերի երեք փաթեթ: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, փաթեթներով առաջարկվում են փոփոխություններ, որոնք միտված են վարչարարության պարզեցմանը, մատուցվող ծառայությունների ժամկետի կրճատմանը, որակի բարձրացմանը, ինչպես նաև իրավական հիմք են ստեղծում թվայնացման հետագա աշխատանքներն ավելի պարզեցնելու համար:

Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ
Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման դեպքում, կսահմանվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում կխնայվի դիմողների ժամանակը և տեղաշարժի հետ կապված ծախսերը: Համակարգային փոփոխության արդյունքում կձևավորվի երկաստիճան՝ քաղաքացիների սպասարկման և որոշումների կայացման տարանջատված մարմինների համակարգ, որի արդյունքում կնվազեցվեն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի վարչական վարույթի շրջանակում անվավեր ճանաչել այն քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են օրենքի խախտմամբ: Հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը, դրանք արդարադատության նախարարության կողմից վավեր որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ: Հանվել է Արդարադատության նախարարության՝ օտարերկրյա քաղաքացիների ամուսնության պետական գրանցման համար թույլտվություն տալու վերաբերյալ կարգավորումը: Կրճատվել են նաև ամուսնության գրանցումների և ամուսնալուծության գրանցումների ժամկետները: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամսյա ժամկետում, նախագծով սահմանվել է, որ ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը և ոչ ուշ, քան վեց ամիսը: Հստակեցվել է անվան փոխման գրանցման ընթացակարգը: Ընտանեկան օրենսգրքում կատարվել են լրացումներ կապված օտարերկրյա որդեգրումների գործընթացների հետ:

Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովման համար
Հավանություն է տրվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի ընդունմամբ կավելանան առցանց եղանակով գրանցման/հաշվառման նպատակով դիմումների քանակը, կկրճատվի կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց կտրվի պետական գրանցման նախընտրելի օր նշելու հնարավորություն: Վերացվում է առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, ստեղծվում է հնարավորություն հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա, հստակեցվում և կրճատվում են մի շարք կազմակերպա-իրավական ձև ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները: Սահմանվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները, փոխվում են գրանցման ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման / հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը ։

Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների միասնականությունը
Հավանության է արժանացել «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Արդյունքում՝ ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող լիազորությունները կամրագրվեն ՀՀ օրենքով: Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների միասնականությունը: Նախագծով առաջարկվում է պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու գործառույթը վերապահել մեկ պետական մարմնին՝ գործընթացը համախմբելու, քաղաքացիների սպասարկումը դյուրին դարձնելու նպատակով՝ «մեկ պատուհան»-ի քաղաքականությանը համահունչ: Միաժամանակ www.e-services.moj.am կայքի միջոցով հնարավորություն է ընձեռնված քաղաքացիների, անկախ իրենց գտնվելու վայրից, էլեկտրոնային հասցեին ստանալ ՔԿԱԳ գրանցումների վերաբերյալ փաստաթղթերն ապոստիլով վավերացված տարբերակով, որը հնարավոր կլինի կիրառել նաև այլ փաստաթղթերի դեպքում: Նախագծով առաջարկվում է առանձնացնել փաստաթղթերի միջազգային վավերացման երկու տարբեր եղանակներից բխող գործառույթ՝ ապոստիլ և հյուպատոսական վավերացում, իրականացնող մարմիններ՝ ապոստիլը վերապահելով Արդարադատության նախարարությանը, իսկ հյուպատոսական վավերացումը՝ Արտաքին գործերի նախարարությանը, որպես դիվանագիտական ծառայության մարմինների անմիջական գործառույթ: Ապոստիլի գործառույթը մեկ մարմնին վերապահելով ապահովվելու է նաև ՀՀ-ում պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու գործընթացի միասնականության սկզբունքը, ապոստիլի միասնական ձևանմուշի կիրառությունը:

Անդրադառնալով օրինագծերին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դրանք մշակվել են քաղաքացիների ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում: Ըստ փոխվարչապետի՝ այս գործընթացը լինելու է շարունակական և նմանատիպ փաթեթներ կմշակվեն նաև այլ գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով: «Մենք ծառայությունների մատուցման հետ կապված ունեցել ենք արդեն մի քանի քննարկում: Մեր ընդհանուր դիրքորոշումն այն է, որը պետք է լինի քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում: Երկրորդ սկզբունքն այն է, որ պետք է լինի մեկ ընդհանուր քաղաքականություն ծառայությունների մատուցման ոլորտում. անկախ գերատեսչությունից՝ որակը և ստանդարտը պետք է լինեն միասնական»,-ասել է Տիգրան Ավինյանը:

wp-apeth