Փոփոխվել է ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման կարգը

Փոփոխվել է ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման կարգը

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում գործադիրը «ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և ՀՀ պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման աշխատանքների, խորհրդի նիստերը հեռավար կազմակերպելու հնարավորության, ինչպես նաև խորհրդի նախագահի ընտրության կազմակերպման հարցերում առաջացած խնդիրներով:

Պետական ուսումնական հաստատությունների գործող կանոնադրություններում ամրագրված է, որ ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի կազմում տարածքային զբաղվածության ծառայության ներկայացուցիչները կազմում են խորհրդի անդամների ընդհանուր թվի 10 տոկոսը, իսկ խորհրդի նախագահն ընտրվում ու որոշումները կայացվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զբաղվածության ծառայության գործակալությունը և մի քանի կառույցներ միավորվել են, նպատակահարմար է դարձել օրինակելի կանոնադրությամբ սահմանված 10 տոկոսն ավելացնել պետական պաշտոն զբաղեցնող, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչների տոկոսին, ու թվարկված կառույցների շարքում ավելացնել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին:

Ըստ գործող կանոնադրության՝ խորհրդի նիստերի կազմակերպման և անցկացման ձևերը սահմանված չեն, ինչը տարբեր մեկնաբանությունների պատճառ է հանդիսանում: Հաշվի առնելով երկրում տիրող COVID-19 վիրուսի տարածման հանգամանքը, ինչպես նաև խորհրդի կազմում ընդգրկված սոցիալական գործընկերների աշխատանքային ծանրաբեռնվածությունը` փոփոխություններում առաջարկվել է, որ նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով՝ բացառությամբ տնօրենի մրցույթի:

Փոփոխությունը նախատեսում է նաև խորհրդի կողմից որոշումների կայացման համար առավել կողմ ձայներ, ինչը կապահովի առավել նպատակային, հնարավորինս մեծամասնության կողմից ընդունելի և արդյունավետ որոշումներ:

Այսպիսով՝ իրավական ակտի ընդունումը կկանոնակարգի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման, ներկայացման և/կամ համալրման, հեռավար ձևով խորհրդի նիստերի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև խորհրդի կողմից որոշումների ընդունումը:

wp-apeth

Նման նյութեր