Ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ երկրի կայուն զարգացման ուղի

Ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ երկրի կայուն զարգացման ուղի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի Եվրոպայի տարածաշրջանի պարբերական զեկույցների ամփոփիչ նիստը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության մոնիթորինգը հստակեցրել է ժառանգության արդի իրավիճակը, դրա պահպանությանն ու փոխանցմանն առնչվող հարցերը, որոնք ներկայում կարևորվում են երկրի կայուն զարգացման նպատակների ուղղությամբ իրականացվող գործընթացների համատեքստում։

Այս թեմաների շուրջ զեկույց է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը` նշելով, որ զեկույցի պատրաստման գործընթացը հստակեցրել է ժառանգության պահպանության արդյունավետությունը բարձրացնելու մի շարք նոր ուղղություններ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված տարրերի մասին Հայաստանի պարբերական զեկույցի պատրաստման գործընթացը մասնակցային էր, և ընդգրկվել են հասարակության լայն շրջանակներ՝ նախորդ տարիների ընթացքում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերում մասնակից բազմաթիվ անհատ ստեղծագործողներ, արհեստավորներ, երգիչներ, պարողներ, կարպետագործներ, ասեղնագործներ, արծաթագործներ, երիտասարդական կազմակեր¬պություններ համայնքներից, կամավորներ, փորձագետներ, գիտնականներ, արվեստագետներ, մշակութաբաններ։ Հատկապես կարևորվում է տարեց մարդկանց ներգրավվածությունը, որոնց համար ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումն ու զեկույցի պատրաստման մասնակցությունը «երկրորդ շնչառություն» էր:

Զեկույցի պատրաստման առանձնահատկություններից էր դրա ներառականությունը. մասնակցել են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված արհեստավորները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև նրանց միավորող հասարակական կազմակերպությունները։

Տեղեկանք: «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի Եվրոպայի տարածաշրջանի պարբերական զեկույցների ամփոփիչ նիստին մասնակից 60 երկրների շարքում պարբերական զեկույցի պատրաստման լավ փորձը ներկայացնելու նպատակով հրավիրվել էին Հայաստանը, Հունաստանը, Լիտվան, Մակեդոնիան և Իռլանդիան:

wp-apeth

Նման նյութեր