Նախարարի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս տոնը կոչված է առանձնակի կարևորելու և ընդգծելու ձեր վճռորոշ դերն ու պատասխանատվությունը թե՛ յուրաքանչյուր աշակերտի՝ որպես բազմակողմանի զարգացած, հայրենանվեր անհատ, թե՛ բարձրարժեք հատկանիշներով օժտված հասարակություն ձևավորելու գործում:
Ուսուցչի օրը չի սահմանափակվում այս տոնով. այն սկսվում է յուրաքանչյուր առավոտ՝ դասասենյակից և աշակերտական նստարանից: Ձեր գործը վարձահատույց է լինում ապագայով, կայուն ու անվտանգ պետության տեսլականի իրագործմամբ, հայրենիքի բարօրությամբ:
Շնորհակալ ու երախտապարտ եմ ձեզ ձեր բարդ ու միաժամանակ պատվաբեր աշխատանքի համար: Ձեզնով է պետության հիմքն ամուր, ձեզնով է վաղվա օրը որոշիչ: Ձեր դաստիարակած սերունդն էր, որ 44 օր շարունակ չերկնչեց ու անձնազոհաբար պաշտպանեց հող հայրենին՝ վառ պահելով հայրենասիրական ոգին:
Սիրելի՛ մանկավարժներ, ուզում եմ՝ վստահ լինեք, որ պետությունը ձեր կողքին է, ձեր աջակիցն է, և ընթացիկ բարեփոխումները միտված են բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու միջավայրը՝ ձեզ արժանի գնահատանքով:
Յուրաքանչյուրիդ մաղթում եմ բարօրություն, քաջառողջություն, աշխատանքում՝ ինքնաբավություն, կրկնակի ուժ ու եռանդ: Մեր անելիքը շատ է, կամքը՝ ամրակուռ:
Աստված պահապան բոլորիս…»,- ասված է ուղերձում: