Կմասնակցեն համաշխարհային կրթական շաբաթին
T4 գլոբալ կազմակերպությունը, որը մեկ միասնական հարթակում միավորում է աշխարհի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, արդեն երկրորդ տարին անընդմեջ հոկտեմբեր ամսին կազմակերպում է համաշխարհային կրթական շաբաթ:
T4 կազմակերպության գլխավոր նպատակն է ամբողջ աշխարհում տարածել կրթական ոլորտի հաջողված փորձը, աշխատել մեկ միասնական թիմով և սերտ համագործակցություն ստեղծել ակտիվ, նախաձեռնող ու տարբեր մտածելակերպ ունեցող անհատների միջև: Այն նպաստում է աշխարհում կրթության որակի բարձրացմանն ու կատարելագործմանը:
Համաշխարհային կրթական շաբաթին մասնակցելու հայտեր են ներկայացրել աշխարհի հազարավոր դպրոցներ, որոնցից ընտրվել են միայն 100-ը: Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցը ևս այս տարվա համաշխարհային կրթական շաբաթին մասնակցելու հայտ է ներկայացրել, բավարարել մրցույթի համար սահմանված չափանիշները և ընտրվել՝ մասնակցելու կրթական այդ իրադարձությանը։
Լինելով համաշխարհային կրթական շաբաթվա մասնակից առաջին դպրոցը Հայաստանի Հանրապետությունում՝ համաշխարհային կրթական շաբաթվա ընթացքում այն կներկայացնի 2019 թվականին դպրոցում իրականացված ամառային ճամբարի հաջողված փորձը: Ճամբարում ընդգրկվել են 6-ից 10 տարեկան դպրոցականներ։ Երեխաների համար ճամբարը եղել է անվճար: Նրանց հետ դպրոցի մանկավարժներն աշխատել են կամավորության սկզբունքով։ Ճամբարականների առօրյան դպրոցում սկսվել է առավոտյան ժամը 10։00-ին և ավարտվել 14։00-ին։
Օրվա ընթացքում նրանց անվճար սնունդ է տրամադրվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: Սնունդը պատրաստել են երեխաների՝ կամավորության սկզբունքով աշխատող ծնողները։ Ճամբարի աշխատանքներին աջակցել են նաև միջին դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր իրենց նախաձեռնությամբ հանդես են եկել որպես ջոկատավարներ: Ճամբարի ընթացքում աշակերտների հանգստի հետ մեկտեղ կազմակերպվել է աշակերտների ոչ ֆորմալ կրթություն, որն էլ լինելու է դպրոցի՝ համաշխարհային կրթական շաբաթին ներկայանալու հիմնական առանցքը։
Հավելենք, որ համաշխարհային կրթական շաբաթն անցկացվելու է հոկտեմբերի 3-8-ը։ Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցը կներկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին։