Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Վայոց ձորի դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Այս ուսումնական տարվանից Վայոց  ձորի մարզի հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը։

Օգոստոսի 27-ին մարզում կայացած հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների համատեքստում տնօրեններին ներկայացվել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը։

Տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցումն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու Տարածքային կենտրոնի մասնագետների վերապատրաստումներ։ Համընդհանուր ներառական կրթության անցմամբ պայմանավորված՝ մարզում կներդրվի նաև ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին տրվել են պարզաբանումներ՝ մասնավորապես հստակեցնելով, թե որոնք են ուսուցչի օգնականի գործառույթները։ Նշվել է, որ Վայոց ձորի մարզում Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի  գործառույթներն իրականացնում է «Մանկական զարգացման հիմնադրամը»։

Անդրադառնալով բուհերի ընդունելության մարզային ցուցանիշներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Վայոց ձորի դիմորդները գոհացուցիչ արդյունքներ են գրանցել։ 234  դիմորդներից 167-ն ընդունվել են բուհ։ Նրանց շրջանում մեծ տոկոս են կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունվածները։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության որակի ապահովումը պետության համար առաջնային խնդիր է, հետևաբար արվում է ամեն ինչ՝ նոր ուսումնական տարին առկա ձևաչափով սկսելու և դասերն ամեն օր կազմակերպելու ուղղությամբ, միաժամանակ՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Նա նշել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից կրթության արդիականացման նպատակով ձեռնարկվում են քայլեր՝ դպրոցներում էլեկտրոնային գործիքներ ներդնելու, նոր լաբորատորիաներ ստեղծելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանն առնչվող մի շարք հարցեր։ Տնօրենները փոխնախարարին հարցեր են ուղղել վերապատրաստումների, Տավուշի մարզում փորձարկվող հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված գնահատման նոր մոտեցումների և առարկայական նոր ծրագրերի վերաբերյալ։

Խորհրդակցությանը ներկա  են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ։

wp-apeth

Նման նյութեր