«Ծագումով գյումրեցի ենք»

«Ծագումով գյումրեցի ենք»

«Ծագումով գյումրեցի ենք» (մաս 1)

Գյումրեցու Նոր տարվա սովորույթը

Ես չեմ կարող գրի չառնել նաև այն մանրամասները, որոնք իրականություն են, հատուկ են միայն այդ հող ու ջրին, և կան բաներ, որոնք այսօր շարունակվում են Գյումրիում: Օրինակ, վերցնենք գյումրեցիների Նոր տարին։ Մինչև հունվարի 13-ը նոր տարի էր, այսինքն՝ մինչև հին տոմարով Նոր տարին, մարդկանց սեղանները չէին հավաքվում և ծփում էին լիությունից։ Նոր տարվա պատրաստությունները սկսվում էին 15-20 օր առաջ: Մարդիկ տաշտերով տեսակ-տեսակ գաթա ու խմորեղեններ էին թխում ու շարում։ Իսկ որպեսզի հարևանը իմանար, որ ինքը այս կամ այն տեսակը արդեն թխել է, գնում էին ու ասում. «մի հատ ձեր փախլավի դանակը չէիք տա, մեր դանակը քոռ է, չի կտրե»։ Օրերով հերթ էր հացի փռերում՝ գոջիներն ու հնդկահավերը կարմրացնելու համար։ Մեծ հերթեր էին գոյանում խանութներում, լիմոնադ առնելու համար, նամանավանդ Վայենտորգի դուռը։ Սեղանին տարբեր բաների հետ միասին պասուց տոլմեն պարտադիր էր։ Պարտադիր էր նաև չրով կամպոտը. գյումրեցիք ասում էին «դոշաբ»։ Նախօրոք եփում, դնում էին դուրսը, սառեցնում։ Երբ ներս էին բերում, սառույցը սկսում էր հալվել, և քանի որ Հայաստանում ծիրանը որդոտ էր, ապա բաժակի մեջ լցնելուց հետո, որդերը դուրս էին գալիս բաժակի երես։ Գյումրեցիք դրանց ասում էին «ճիջու», և երբ մեկն ուզում էր հանել բաժակի միջից, չէին թողնում, խփում էին ձեռքին ու ասում, «մինչև ճիջուն քեզ ուտե, դու իրան կուտես» կամ «մինչև ճիջուն եղնի քու չափ, դու կեղնիս փղի չափ», հետո ավելացնում էին. «կամպոտը բդի մսոտ եղնի, համը ըդօր մեջ է»։

Ընդունված էր, որպես հարգանքի նշան, առաջինը գնալ նրանց տուն, ով նոր ննջեցյալ ուներ, այսինքն՝ մահվան առաջին տարին էր։ Առաջին երկու օրը շատերը, նստած իրենց տանը, սպասում են, թե ով պտի գա իրենց տուն, հետո նոր դուրս են գալիս տնից տուն շրջելու։ Նոր տարվա ամենահարգալից մարդը տվյալ ընտանիքի քավորն էր։ Եվ առաջինը գնում էին քավորենց տուն։ Կամ եթե պետք էր մեկի աչքը մտնել, ասում էին. «Տես, քեզ ինչքան եմ սիրում ու հարգում, որ դեռ քավորի տուն չգնացած, եկել եմ քո Նոր տարին շնորհավորելու», չնայած քեֆը լավ է արդեն ու մի քանի տուն էլ մտել-ելել էր։ Կամ էլ հարց ունի՝ կախված էդ մարդուց, դրա համար է առաջինը նրա դուռը բացել, նոր տարին շնորհավորել։ Մեկը մյուսի տուն գնալիս ընդունված էր՝ դատարկ չէին գնում, խմիչք կամ շոկոլադի տուփ էին տանում։ Պատահում էր այնպես, որ քո տարած խմիչքը տնից տուն պտտելուց հետո, նորից քո տուն էր գալիս։ Էլ չեմ խոսում սեղանների լիության ու առատության մասին։ Հետո քննարկում էին, ում սեղանն էր ավելի մեծ, ում սեղանին ինչն էր ավել, ինչը՝ պակաս։ Անպայման կար այդ մրցակցությունը։ Նոր տարին անցնելուց հետո, մեկը մյուսին ասում էր՝ գնանք էսինչի տունը «կռճոն» ուտելու, խոսքը Նոր տարվա ավելցուկների մասին էր։ Սրանք հետաքրքիր մանրամասներ են, որ կհիշեն բոլոր գյումրեցիք։

Ճիշտ է, 88-ի երկրաշարժը ավերեց շեն Գյումրին, մարդիկ կորցրեցին ամեն ինչ, նույնիսկ հույս, հավատ, և այդ երանելի օրերից գուցե և միայն հիշողություններ են մնացել։ Սակայն գյումրեցին շատ թասիբով է, և ես համոզված եմ, որ նույնիսկ էս պակասի մեջ, թեկուզ պարտքով, նա նշում է Նոր տարին։

Էլ չեմ խոսում գյումրեցու կնոջ բարոյականության մասին։ Բարոյականության կողմից գյումրեցիք աշխարհում գրավում են առաջին տեղը։ Ինչպես գիտեք, գյումրեցիք թասիբի, ղեյրաթի, նամուսի համար մեռած մարդիկ են։ Դեղի համար գոնե մի հատ «բոզ» չեն տվել։

Գյումրիի ամբողջ պատմության մեջ մե հատմ դեպք եղավ։ Մե հատմ սիրուն Հեղնար ունեինք, որը փորձեց մե անգամ «լևի» երթալ, էն էլ ամուսինը՝ ուստա Մկրտիչը, դեմը հելավ, խեղճի լեղին պատռավ ու տեղում մեռավ։ Էս օրինակը դաս եղավ մնացած գյումրեցի կնգտանց։ Քանի թասիբն ու նամուսը արժեք ունին Գյումրիում, էլ ոչ մի Հեղնար «լևի» չի երթա։

Համենայն դեպս՝ Սստված էլ բեթարեն ազատե։

«Ծագումով գյումրեցի ենք» (մաս 3)

wpn-zarhing