Շիրակի մարզից 1159 դիմորդից բուհ ընդունվել է 832-ը

Շիրակի մարզից 1159 դիմորդից բուհ ընդունվել է 832-ը

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

Շիրակի մարզի խորհրդակցությունը տեղի  է ունեցել Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ Շիրակի մարզը նախորդ տարի կարողացել է նախ համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում կրթության անընդհատությունն ապահովել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Շիրակի մարզային ցուցանիշները՝ ընդգծելով, որ Շիրակը բավական լավ արդյունքներ է գրանցել։  1159 դիմորդից բուհ ընդունվել է 832-ը։ Մեծ տոկոս է կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունված դիմորդների թիվը: Մարզում դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են բժշկական գործ, ֆինանսներ, թարգմանչական գործ, իրավագիտություն մասնագիտությունները:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր մեկնարկող ուսումնական տարվա առթիվ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է կրթական գործընթացում հակահամաճարակային կանոնների պահպանումն ու ուսումնական գործընթացի անխափան կազմակերպումը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը  նաև տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները՝ կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:

wp-apeth

Նման նյութեր