Դասերը կլինեն առկա և ամենօրյա` համավարակի կանոնների խստիվ պահպանմամբ
Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:
Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ կրելը, պարտադիր է համապատասխան նյութերով տարածքի ախտահանումը և այլն: Արտաուսումնական խմբակներն ու երկարօրյա ծառայությունները գործելու են, դպրոցական սննդի կետերի աշխատանքը նույնպես կթույլատրվի:
Այս մասին այսօր՝ նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանում դեռևս փետրվար ամսին կատարված փոփոխություններով դասարանում աշակերտների թիվը 20-ից ավելի կարող է լինել: Նախկին խիստ սահմանափակումը, թե սովորողների թիվը չպետք է գերազանցի 20-ը, արդեն վերացված է, հետևաբար դպրոցները կարող են դասերը կազմակերպել ամենօրյա ռեժիմով` առկա ձևաչափով` դասարաններում աշակերտների ավելի մեծ թվի առկայությամբ: Դասարաններում 20-ից ավելի սովորողների թվով ուսումնական գործընթաց կազմակերպելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը:
«Եթե դասարանում սովորողների թիվը 20-ից ավելի է, ապա մարզային դպրոցները կարող են դիմել համապատասխան մարզպետարան, Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետարան, իսկ ԿԳԳՄՍՆ ենթակայության դպրոցները` նախարարություն, և ԿԳՄՍ նախարարությունից ստանալով համապատասխան համաձայնություն՝ անցնել ամենօրյա ուսուցման: Հիմնական պայմանը համաճարակային կանոնների պահպանումն է, որն ապահովելու դեպքում դպրոցները կարող են հրաժարվել կիսված դասարաններով աշխատելու և օրումեջ դասի գնալու աշխատաոճից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ թույլտվություն տալուց առաջ դիտարկվում են դպրոցում արձանագրված վարակակիրների թիվը և համաճարակային կանոնների պահպանումը:
Զուգահեռաբար պահպանվում է նաև այն կարգավորումը, ըստ որի՝ դպրոցում վարակվածների թիվը 10 տոկոսից ավելի լինելու դեպքում անցում է կատարվում հեռավար ուսուցման` 14-օրյա ժամկետով:
«Այսինքն` դեռևս անցյալ տարվանից սահմանված համավարակային կանոնները հիմնականում պահպանվելու են` որոշակի փոփոխություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` փոփոխություններից հիմնականը դպրոցական բուֆետների և ճաշարանների գործունեությանն է առնչվում: Հիշեցնելով, որ դրանք անցյալ տարի չեն գործել, փոխնախարարը հույս է հայտնել, որ մարզերի տարրական դասարանների աշակերտների համար այս տարի դպրոցական սննդի ծրագրի շրջանակում հնարավորություն կլինի տաք սնունդ ապահովել:
«Փորձելու ենք ողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացի առկա ռեժիմը պահպանել: Սակայն, պետք է նաև հասկանալ, որ առկա ուսուցման իրականացումը պայմանավորված է հասարակության վարքագծից. որքանով հետևողական լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման առումով, այնքանով էլ կկարողանանք պահպանել առկա ուսուցումը: Հաշվի առնելով Առողջապահության նախարարության ցուցումները` փորձում ենք անել առավելագույնը` ապահովելու համար անխափան կրթական գործընթացը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` բոլոր դպրոցներին, ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին հորդորելով հետևողական լինել համավարակի կանոնները պահպանելու գործում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` քայլեր են ձեռնարկվում, որպեսզի միջազգային կառույցների աջակցությամբ դպրոցներն ապահովեն ախտահանիչ միջոցներով` հաշվի առնելով, որ դրանց ձեռքբերումն ուսումնական հաստատության բյուջեի համար լրացուցիչ ծանրություն է ենթադրում: Նա նաև հավելել է, որ դպրոցն է որոշում ուսումնական գործընթացը կազմակերպել հնգօրյա, թե վեցօրյա գրաֆիկով:
Ինչպես նշել սեպտեմբերի 1-ը
2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առաջին դասարան հաճախելու հայտ է ներկայացվել շուրջ 37 հազար երեխայի համար: Նրանց մուտքը դպրոց հանդիսավորությամբ ապահովելու, միաժամանակ համավարակի կանոնները պահպանելու նպատակով նախարարի տեղակալը դպրոցներին առաջարկում է առաջին դասարանցիներին մեկ օր շուտ հրավիրել դպրոց:
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ անցյալ տարի նույնպես առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը կազմակերպվել է մնացած աշակերտներից մեկ օր առաջ` դպրոցներում հավելյալ կուտակումներից զերծ մնալու նկատառումով: Փոխնախարարը նաև հորդորում է` սահմանափակել երեխաներին ուղեկցողների թիվը:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունները ևս աշխատելու են` ըստ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանի: Փոխնախարարի տեղեկացմամբ` այժմ հաստատման փուլում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգը: Ըստ տարիքային խմբերի՝ սահմանված են խմբերում սաների ներգրավվածության առավելագույն թվերը, որոնց շրջանակում նախադպրոցական հաստատությունները կկատարեն ընդունելություն` տեղեր ունենալու պարագայում նաև հաշվի առնելով սահմանված սոցիալական առաջնահերթությունները:
Ուսուցիչների պատվաստումների մասին
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ուսուցիչների պատվաստումներն իրականացվում են կամավոր. չկա որևէ պարտադրանք, սակայն խրախուսվում է պատվաստվելը` հաշվի առնելով համավարակի դեմ պայքարի առողջապահական կանոնները և հանրային առողջապահության նկատմամբ ունեցած յուրաքանչյուրի, այդ թվում՝ նաև ուսուցիչների պատասխանատվությունը:
«Առողջապահության նախարարության նոր պահանջների և կանոնների հրապարակումից հետո ավելի հստակ ու պարզ կլինի, թե պատվաստումների և թեստավորման հակացուցում ունեցող անձանց համար ինչ կարգավորումներ են տրվելու»,- նշել է Ժ. Անդրեասյանը` փաստելով, որ ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարության՝ առողջապահական նոր պահանջները կիրառվելու են հոկտեմբերի 1-ից:
Խոսելով անցյալ տարվա իրավիճակի մասին` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան բազմաթիվ մեծաքանակ աշակերտներով դպրոցներ, որոնք, 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշով պայմանավորված, ողջ տարվա ընթացքում չեն անցել հեռավար կրթության: Փոխարենը կան դեպքեր, երբ փոքրաթիվ աշակերտներով դպրոցները հեռավար կրթության են անցել, քանի որ առաջ են եկել վարակի տարածման ակտիվ օջախներ:
Հարցին, թե որքանով դրական կամ բացասական է ազդել հեռավար կրթությունն աշակերտների առաջադիմության վրա, փոխնախարարը պատասխանել է. «Այս հարցն ունի հատուկ ուսումնասիրության կարիք: Ակնհայտ է, որ որքան շատ են երեխաները դպրոց հաճախում, այնքան ավելի բարձր է արդյունավետությունը: Սակայն մանկավարժներ կան, որոնք նշում են, թե մեծ դասարանների դեպքում կիսված դասարաններով աշխատելն ավելի արդյունավետ է եղել, քանի որ երեխաների նկատմամբ ուսուցիչների ուշադրությունն ավելի մեծ է եղել: Հարցի հետազոտությունը կարևոր է նաև մեզ համար, որը կիրականացվի Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից»:
ԿԳՄՍՆ-ն դիմել է Պաշտպանության նախարարությանը` զորահավաքի հարցով
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Պաշտպանության նախարարություն` հատկապես Տավուշի մարզում աշխատող տղամարդ ուսուցիչներին, ինչպես նաև նրանց, որոնք դպրոցում տվյալ առարկայի միակ մասնագետն են, այս փուլում չներգրավել պահեստազորի եռամսյա զորահավաքի վարժանքներում:
«Դիմել ենք ՊՆ-ին, որպեսզի այն դեպքերում, երբ ուսուցիչը տվյալ առարկայի միակ մասնագետն է, քննարկվի այս զորահավաքի շրջանակում այդ անձանց չզորակոչելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա՝ հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը: Մենք վերապատրաստել ենք Տավուշի մարզի բոլոր ուսուցիչներին։ Շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները սեպտեմբերից կարողանան իրականացնել ուսումնական գործընթացը` նոր չափորոշիչներով: Զորահավաքին մասնակցելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն առարկայի դասավանդման, այլև չափորոշիչների փորձարկման տեսանկյունից»,– նշել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ քննարկումների արդյունքում վերջնական համաձայնություն կլինի` հաշվի առնելով նաև պաշտպանության համակարգի առաջնահերթությունները:
Եթե անգամ առարկայի միակ ուսուցիչները կանչվեն եռամսյա հավաքի, ապա լուծումներ, իհարկե, ուսումնական պլանի և դասացուցակի ճկուն տեղաշարժերի հաշվին, կգտնվեն։ Փոխնախարարն ընդգծել է, որ պատերազմի օրերին ևս առաջացել էր նման իրավիճակ, երբ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ, սակայն ուսումնական գործընթացը չխաթարվեց։