«Բարձրագույն կրթության ոլորտում պետք չէ փրկիչներ փնտրել». Դումանյան

«Բարձրագույն կրթության ոլորտում պետք չէ փրկիչներ փնտրել». Դումանյան

Օգոստոսի 5-ին՝ ԵՊՀ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում հանրային հնչեղություն ստացած մի շարք խնդիրների:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ նոր օրենքի առնչությամբ կայացրած որոշմանը, մասնավորապես բուհերի կառավարման խորհուրդների կազմավորմանը վերաբերող դրույթները հակասահմանադրական ճանաչելուն, նա նշել է, որ բարձր դատարանի որոշումը միանշանակ ենթակա է կատարման:

«Օրենքում կկատարվեն խմբագրումներ` հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը: Անկախ նրանից, որ մենք կարող ենք որոշակի տարակուսանք հայտնել դատարանի վճռի առնչությամբ, բայց չկատարել, իհարկե, չենք կարող»,- նշել է Վահրամ Դումանյանը` հավելելով, որ նախարարությունը դեռևս պաշտոնապես ՍԴ վճիռը չի ստացել: Ստանալուց հետո այն կուսումնասիրվի, և կտրվեն նոր կարգավորումներ, որից հետո, ըստ նախարարի, օրենքը կյանք մտնելու հնարավորություն կստանա` ապահովելով ոլորտի երկար սպասված բարեփոխումները:

Սահմանադրական դատարանի ավելի վաղ կայացված վճռով կասեցվել էր Կառավարության որոշմամբ հաստատված՝ բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը, որով նախատեսվում էր հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոխել ներկայացվածության համամասնությունները` ավելացնելով հիմնադրի կողմից առաջադրված խորհրդի անդամների թիվը: Վահրամ Դումանյանի խոսքով` ՍԴ-ի նշված որոշումից հետո հաշվի առնելով, որ ԵՊՀ-ում ստեղծվել էր ճգնաժամային իրավիճակ, քանի որ հոգաբարձուների խորհուրդը փաստացի լուծարված էր, իսկ ռեկտորի գործող պաշտոնակատարը հրաժարական էր տվել, և չկար այն մարմինը, որն իրավասու էր ընդունել այդ հրաժարականը և նշանակել նոր ժամանակավոր կառավարիչ, գործի է դրվել դեռևս 2002 թվականին ընդունված «Հիմնադրամների մասին» օրենքի համապատասխան կարգավորումը:

Ըստ այդմ` Արդարադատության նախարարի հրամանով ձևավորվել է երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ, որն ընդունել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականը և նշանակել նոր պաշտոնակատար: Այսինքն` Գեղամ Գևորգյանի հրաժարականն ընդունվել է, ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Հովհաննիսյանը:

«Ավելի քան երկու ամիս ԵՊՀ-ում կառավարման ճգնաժամ էր առաջացել, որովհետև ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականն ընդունելու իրավական մեխանիզմ չկար: Իրավական դաշտը թույլ չէր տալիս ընդունել ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականը և նոր պաշտոնակատար նշանակել»,- շեշտել է Վահրամ Դումանյանը:

Նախարարի խոսքով` տարակուսելի է, որ ավելի քան 19 տարի գործող «Հիմնադրամների մասին» օրենքի սահմանադրականության հարցը Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է միայն այն ժամանակ, երբ փորձ է արվել լուծում տալ ԵՊՀ-ում առաջացած կառավարման փակուղուն:

«Այսինքն` մենք ընդունել ենք օրենք, որը 19 տարի գործել է և որևէ մեկի մոտ որևէ հարց չի առաջացրել: Բայց երբ մենք օրենքի կարգավորումն ենք գործի դրել, իրավաբանները հանկարծ նկատել են, որ սահմանադրականության հարց կա: Զարմանալի է, որ այդ խնդիրը չի առաջացել օրենքի ընդունման ժամանակ: Սա իրավաբանական մտքի խնդիր է: Մեր խնդիրը կրթական է, և մենք անելու ենք ամեն ինչ` կրթության որակի և բովանդակության բարելավման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Նա նաև ավելացրել է, որ այս պահին ԵՊՀ-ում տրված լուծումը վերջնական չէ: Օրենսդրության շրջանակում արվելու է ամեն ինչ, որպեսզի ԵՊՀ-ում և մյուս բուհերում ձևավորվեն հոգաբարձուների խորհուրդներ, և ըստ անհրաժեշտության՝ անցկացվեն ռեկտորների ընտրության մրցույթներ:

Ի պատասխան լրագրողի` Կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ բուհերի ռեկտորների համար սահմանված գիտական պահանջների մեղմացման մասին հարցի՝ նախարարը նշել է, որ Կառավարությունը սահմանել է նվազագույն պահանջները: Շահարկմանը, թե նշված որոշումը կայացվել է ԵՊՀ-ում իշխանության համար ցանկալի ռեկտորի ընտրություն ապահովելու համար, Վահրամ Դումանյանը հակադարձել է. «Պետք է հաշվի առնել, որ մենք, բացի ԵՊՀ-ից, ունենք այլ բուհեր ևս: Ունենք 16 պետական բուհեր, որոնցում ռեկտորի համար սահմանված տարբեր պահանջներ կան: Պետությունը սահմանել է ներքին նվազագույն շեմ. ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։ Սակայն ցանկացած բուհ կարող է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ իր կանոնադրության մեջ սահմանել լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ գիտությունների դոկտորի, դոցենտի, պրոֆեսորի և այլնի: Մենք սահմանել ենք նվազագույն պահանջը, մնացածը թող որոշի բուհը»:

Նախարարի խոսքով՝ պետական քաղաքականության տեսանկյունից առաջնայինը կրթության բովանդակության և որակի հարցերն են. թե ինչպես կընտրվի ռեկտորը, դա երկրորդական հարց է:

«Մեզ պետք է կրթական արդյունք, զարգացող գիտություն, որակյալ մասնագետների թողարկում, որոնցով ներկայանալի կլինենք աշխարհում: Ռեկտորի նշանակումը կարևոր է, սակայն ավելի կարևոր չէ, քան կրթության բովանդակությունը: Բարձրագույն կրթության ոլորտում պետք չէ փրկիչներ փնտրել, որովհետև բուհի զարգացումը պայմանավորված չէ միայն ռեկտորի անձով»,- ընդգծել է նա:

Ճեպազրույցի ընթացքում լրագրողները նախարարին հարցեր են ուղղել բուհական ոլորտին առնչվող մի շարք այլ խնդիրների առնչությամբ ևս:

wp-apeth

Նման նյութեր