Կաջակցեն դեղագետ-վերլուծաբանների պատրաստմանը

Կաջակցեն դեղագետ-վերլուծաբանների պատրաստմանը

ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում ստեղծվել է ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոն։

Կենտրոնի հենքի վրա ներդրված դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագիրը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումների համատեքստում գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Երևանի պետական համալսարանում:

Ներկաները դրամաշնորհային ծրագրի համակարգող Աննա Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել են վերանորոգված և լաբորատորիայի համար նախատեսված տարածքում, որը համալրվել է ծրագրով նախատեսված լաբորատոր կահույքով, գերժամանակակից վերլուծական սարքավորումներով:

ԵՊՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Ինեսսա Սիրեկանյանը դիտարկել է արդեն իսկ ձեռք բերված լաբորատոր անալիտիկ սարքավորումների, նյութերի ու պարագաների համապատասխանությունը պայմանագրով սահմանված պայմաններին: Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկել են ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Ծրագրի համակարգողի հավաստմամբ՝ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերից մեկնարկում է «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական նոր ծրագիրը, որի գլխավոր նպատակը դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ արհեստավարժ, բարձր կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն է: Նա փաստել է, որ կենտրոնի բոլոր սարքավորումները մոնտաժված են, մեթոդները՝ ներդրված:

«Հուսով ենք, որ սեպտեմբերից մեկնարկող մագիստրոսական ծրագիրը կծառայի իր նպատակին, որն այս ուղղությամբ առաջինն է Հայաստանում: Հիմնական առավելությունն այն է, որ այս դրամաշնորհային ծրագրի արդյունքում ունենք հզոր, գերժամանակակից նյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն կտա իրականացնելու ցանկացած տեսակի դեղի, սննդային հավելումների և այլ պատրաստուկների որակական, քանակական անալիզ, որակի գնահատում ու մոնիթորինգի իրականացում»,- նշել է Աննա Մկրտչյանը:

Նա փաստել է նաև, որ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ներդրված մագիստրոսական ծրագիրը մշակվել է կոնսորցիում գործընկերոջ հետ խորհրդակցությունների արդյունքում, որոնց ընթացքում մշտապես կարևորվել է այնպիսի դեղագետ մասնագետների պատրաստումը, որոնք տիրապետում են ժամանակակից մեթոդներին և կարողանում են աշխատել նորագույն տեխնոլոգիաներով: Աննա Մկրտչյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում վերջերս Ֆարմացիայի ինստիտուտի և Հայաստանի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի՝ «Լիկվոր»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որն իրագործվելու է մագիստրոսական այս ծրագրի շրջանակում. «Ընկերությունը պատրաստ է փոխհատուցել 3-4 ուսանողի ուսման վարձավճարը և հետագայում նրանց ընդունել աշխատանքի: Բացի դրանից՝ ընկերությունը պատրաստ է ներդնել դրամաշնորհային գիտական ծրագիր, ինչը հնարավորություն կտա լավագույն մագիստրոսներին հետագայում այս ուղղությամբ շարունակել իրենց հետբուհական կրթությունը»:

Ծրագրի համակարգողի խոսքով՝ նմանօրինակ նախաձեռնությամբ են հանդես եկել նաև «Ազադ ֆարմասյութիքլզ» և «Արփիմեդ» դեղագործական ընկերությունները։ Այսպիսով՝ Հայաստանի առաջատար դեղագործական ընկերությունները պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել մագիստրոսական այս ծրագրին, ինչը չափազանց կարևոր է դրամաշնորհային ծրագրի շարունակականության ապահովման տեսանկյունից:

wp-apeth

Նման նյութեր