Վստահեցնում են` պատրաստ են զինվորական ծառայության

Վստահեցնում են` պատրաստ են զինվորական ծառայության

Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում օրը սկսվում է ժամը 7-ին. ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագրի մասնակիցներն իրենց առօրյան անցկացնում են զինվորական կարգուկանոնին համապատասխան:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու նպատակով փորձնական ծրագրին մասնակցում են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, թիվ 97, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցների 100 աշակերտներ՝ 86 տղա և 14 աղջիկ: Բոլոր աղջիկները Գեղաշենի դպրոցից են:

Ծրագրի պատասխանատու Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փորձնական ծրագրի համար ընտրվել են այնպիսի դպրոցներ, որոնց աշակերտներն առավել պատրաստված են՝ ծրագրի առավելություններն ու թերությունները հասկանալու համար: Նրա խոսքով՝ 12-օրյա ճամբարում երեխաներն անցնում են հետևյալ դասընթացները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, համազորային կանոնադրություններ, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, գոյատևման հիմունքներ:

«Ամբողջ օրվա ընթացքում ճամբարի մասնակիցներն ունեն ընդամենը 2 ժամ ազատ ժամանակ. մինչև ճաշ անցնում են հիմնական դասընթացները, իսկ երեկոյան իրենց առօրյան լցնում են սպորտային խաղերով: Ճամբարի մասնագետները հիմնականում վերոնշյալ հինգ դպրոցների զինղեկներն են, որոնք ապահովում են դաստիարակչական մասը, իսկ դասընթացները վարում են Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի լավագույն ուսուցիչները, որոնք բարձրաստիճան սպայակազմից են, զինված ուժերի նախկին աշխատակիցներ»,- ասաց Արկադի Պետրոսյանը և վստահեցրեց, որ փորձնական ծրագրի ավարտին կարվի խորքային վերլուծություն՝ հետագայում ծրագրի կիրառության ժամանակ բացառելու բոլոր թերությունները:

Մարզառազմական ճամբարի ղեկավարի նյութատեխնիկական ապահովման գծով օգնական, գնդապետ Վարազդատ Բարիկյանը պատմեց, որ, օրինակ, «Անվտանգ կենսագործունեություն» դասընթացի ժամանակ աշակերտները սովորում են արգելքների հաղթահարում, գետանցում, հանգույցների ուսուցում և այլն: Յուրաքանչյուր դասակ մեկ օր գիշերում է վրանային ճամբարում:

«Առաջին երկու օրը երեխաները փոքր-ինչ կաշկանդված էին, քանի որ անծանոթ միջավայրում էին և չէին պատկերացնում ծրագրի լրջությունը, սակայն արդեն երրորդ օրը՝ երեկոյան, խարույկի շուրջ մեզ հետ կիսվում էին իրենց մտահոգություններով և ապագա ծրագրերով: Նրանք հասկացան, որ բանակը մեր երկիրն է, և իրենք են այս երկրի խաղաղությունն ապահովելու: Հայոց բանակում ծառայելու տրամադրվածությունը շատ բարձր է, և աշակերտները վախ ու կասկած չունեն մեր բանակի կայունության հետ կապված: Մեր երեխաները հզոր են արծիվների պես»,- փաստեց գնդապետը՝ հավաստիացնելով, որ աղջիկները ոչնչով չեն զիջում տղաներին և նույն բարձրության վրա են:

«Այն, ինչ սովորում ենք ճամբարում, տղամարդուն անհրաժեշտ է հենց մեր տարիքից: Իհարկե, կան դժվարություններ, սակայն կարևորը ցանկությունն է: Ճամբարում ձեռք բերած հմտությունները, անշուշտ, ինձ շատ են օգնելու ծառայության ընթացքում, իսկ ծառայության անպայման մեկնելու եմ, քանի որ պատերազմում զոհվել են մեր եղբայրները»,- մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց Երևանի թիվ 182 դպրոցի աշակերտ Գագիկ Պետրոսյանը:

Նույն դպրոցի սան Գոռ Փայտյանն էլ վստահեցրեց՝ գործնական պարապմունքների արդյունքում առավել քան պատրաստ է ծառայությանը. «Իհարկե, կան և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական դժվարություններ, սակայն փորձում ենք դրանք հաղթահարել, առավել ևս, որ մեզ հետ աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ»:

Գեղաշենի դպրոցի սաներ Արամ Վարդանյանին և Լևոն Սարգսյանին ամենից շատ հետաքրքրել է «Մարտավարություն» դասընթացը, քանի որ, ըստ նրանց, զենքերի հետ են աշխատում, տարբեր դիրքավորումներ անում: Տղաների խոսքով՝ յուրաքանչյուր դասընթաց ունի իր հետաքրքրությունը, որոնք անցնելուց հետո ավելի պատրաստված են անցնելու ծառայության:

Գեղաշենի դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր սաներն արդեն դպրոցում ունեցել են բարձր պատրաստվածություն, համապատասխանում են ծրագրի պահանջներին և պատրաստ են պաշտպանել հայրենիքը:

«Իմ աշակերտները մեծ սիրով են լսում պրոֆեսիոնալ դասընթացավարներին, ստանում տեսական ու գործնական գիտելիքներ. սա նրանց համար կյանքի մեծ փորձ է: Հուսով եմ՝ ծրագիրը շարունակական կլինի, որովհետև վստահաբար մեծ արդյունք է ապահովելու: Զենքի տարրական իմացությունը բոլորին է անհրաժեշտ, այդ թվում՝ կանանց: Իհարկե, աղջիկները ֆիզիկական պատրաստվածությամբ փոքր-ինչ զիջում են տղաներին, սակայն դրա փոխարեն՝ նրանք շատ ուժեղ կամք ունեն և դիպուկ են կրակում»,- վստահեցրեց ավագ լեյտենանտը:

Գեղաշենի դպրոցի աշակերտուհի Թամարա Դավթյանը խոստովանեց, որ մեծ սիրով և սպասումով է եկել ռազմամարզական ճամբար, անգամ օրերն է հաշվել. «Այստեղ այնքան հետաքրքիր է անցնում, որ չենք ցանկանում լքել ճամբարը: Սովորում ենք ռազմական գործի հետ կապված գրեթե ամեն ինչ: Վստահ եմ, որ պատերազմի դեպքում աղջիկները պետք է տղաների կողքին լինեն, հատկապես՝ մեր երկրում»:

Նույն դպրոցի սան Մերի Բադալյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ ճամբարում ամրապնդել են դպրոցում ստացած տեսական գիտելիքները, և յուրաքանչյուր օրը եղել է հետաքրքիր ու հագեցած: Նրա խոսքով՝ գրեթե ամեն ինչ սովորել են՝ ինչպես տեղանքում կողմնորոշվել, շարային ճիշտ պատրաստություն, առաջին օգնություն և այլն:

Մարտավարություն, կապ և ինժեներային պատրաստվածություն դասավանդող գնդապետ Խաչատրյանը փաստեց, որ «Մարտավարություն» դասընթացի ընթացքում աշակերտները սովորում են հարձակվել, պաշտպանվել, նռնակ նետել, ականապատում, ականազերծում, այսինքն՝ այն ամենը, ինչը հնարավորինս մոտ է մարտական գործողություններին: Նրա խոսքով՝ դասընթացի շրջանակում սովորեցնում են նաև կապի տեսակները և դրա հաստատման կանոնները, ազդականչերով խոսելը:

«Եթե կապ չկա, ցանկացած մարտական գործողություն կունենա լուրջ խնդիրներ, որովհետև զորքերի կառավարման միակ միջոցը կապն է: Բացի դրանից՝ սովորեցնում ենք օգտվել, օրինակ, կողմնացույցից, կողմնորոշվել տարածության մեջ, որովհետև եթե հանկարծ հարձակման ժամանակ զինվորը չիմանա ճիշտ ուղղությունը, նա կոպիտ սխալներ թույլ կտա: Հենց այդպիսի կոպիտ սխալների և ճիշտ չկողմնորոշվելու հետևանքով է, որ զինվորները գերեվարվում են: Հետևաբար, սա շատ կարևոր դասընթաց է, և հուսով եմ՝ շարունակություն կունենա, որպեսզի մինչև ծառայության անցնելը նորակոչիկները գոնե նախնական պատրաստվածություն ունենան»,- ասաց գնդապետ Խաչատրյանը և վստահեցրեց, որ այս տարիքում երեխաները շատ հնարամիտ են. նրանք երբեմն այնքան հետաքրքիր մտքեր են առաջարկում՝ ինչպես նահանջել, հարձակվել կամ խուսանավել, որ հիացմունք են առաջացնում մասնագետների շրջանում:

Հավելենք, որ մարզառազմական ճամբարի փորձնական ծրագիրը կավարտվի հուլիսի 4-ին:

wp-apeth