Գյումրիում բացվել է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը

Գյումրիում բացվել է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մայիսի 17-ին ներկա է եղել Գյումրիում «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կենտրոնը բացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կենտրոնի բացման կապակցությամբ՝ կարևորելով որպես հարթակ՝ Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի դերը երիտասարդության, կրթության և պետական այլ ռազմավարությունների իրականացման համատեքստում. «Պետական ռազմավարությունների հիմքում մարդն է, մարդկային կապիտալի բացահայտումն ու զարգացումը: Այդ տրամաբանությամբ է կառուցված առաջիկա օրերին հանրության քննարկմանը ներկայացվելիք երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը 2021-2025 թվականների համար։ Մարդկային ներուժի զարգացումն ապահովում է երիտասարդի կայացումը որպես երջանիկ անհատ, ինչպես նաև որպես կարողունակ և իրավագիտակից հասարակության անդամ: Այս խնդիրների լուծման համար կարևոր է հատկապես մարզերում համապատասխան միջավայրի ձևավորումը, որտեղ կզարգանա մարդկային կապիտալը, կստեղծվի միջավայր՝ ասոցիատիվ կապերի հիմքով ընդհանուր հետաքրքրություններ ունեցող երիտասարդների համախմբման և իրենց համայնքների զարգացման ուղղությամբ համահավաք ջանքեր գործադրելու համար. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն» այս քաղաքականության առաջամարտիկներից է մեր երկրում, իսկ նորաբաց «Ընտանիքի անկյունը», որն ուղղված է հասարակության մեջ առկա կարծրատիպերի հաղթահարմանը, գալիս է ընդլայնելու այդ հնարավորությունները»:

Եզրափակելով խոսքը՝ Ա. Մարտիրոսյանն ընդգծել է, որ որպես երիտասարդության ոլորտը համակարգող գերատեսչություն՝ ամեն ջանք կգործադրվի աջակցելու այդ քաղաքականության շարունակականությանը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը թեև չէր մասնակցում միջոցառմանը, սակայն տեսաուղերձ էր հղել՝ նշելով. «Ընտանեկան կյանքը կարևոր է բոլորիս համար և հնարավորություն է տալիս միասին մնալու, ավելի լավ կյանք ապահովելու մեր երեխաների համար»։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Արթուր Նաջարյանի խոսքով՝ կենտրոնը պետք է բացվեր դեռևս հոկտեմբերին, սակայն համավարակով և պատերազմով պայմանավորված՝ հետաձգվել է:

«Բայց այս ընթացքում կենտրոնի բովանդակությունը կյանքի ենք կոչել՝ ծնողավարության դասընթացներ իրականացնելով, և այսօր մասնակիցները վկայականներ կստանան։ Սա ոչ միայն երիտասարդ ընտանիքներին աջակցելու, այլև տարբեր նախաձեռնությունների իրականացման լայն հարթակ է դառնալու»,- ասել է Ա. Նաջարյանը՝ հավելելով, որ մինչև 2021 թվականի հուլիս նախատեսվում է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոններ բացել նաև Լոռու և Տավուշի մարզերում։

Տեղեկացնենք, որ «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնների շահառուներ են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 18-40 տարեկան տղամարդիկ և կանայք, հայրիկներն ու մայրիկները: «Ընտանիքի անկյունը» նյութատեխնիկապես հագեցած և կահավորված տարածք է, որտեղ անցկացվում են դասընթացներ, հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ շահառուների համար՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։ Ռեսուրսային կենտրոնը նաև հարթակ է համայնքում գործող պետական և հասարակական կազմակերպությունների ոլորտային միջոցառումների անցկացման համար։

wp-apeth

Նման նյութեր