Երկու երիտասարդ տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են

Երկու երիտասարդ տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության նոր դեպքի էական հանգամանքներ, հայտնում են ՀՀ Քննչայան կոմիտեի լրատվական բաժնից:

«Մասնավորապես, 2023թ. մարտի 23-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ սպիտակ գույնի «Նիսսան», մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում տեղադրում է թմրամիջոցներ:

Նույն օրը, ստացված տվյալներն իրացնելու արդյունքում, Կենտրոնական գերեզմանատան մուտքի դիմաց նկատվել, ապա հարակից շենքերից մեկի մոտ կանգնեցվել է նշված մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորը դիմել է փախուստի։

Վարորդը, որը Երևան քաղաքի 28-ամյա բնակիչ է, տեղում խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահում առկա են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ փաթեթներ, որոնք ինքը և փախուստի դիմած ընկերը ձեռք են բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով և գումարի դիմաց տեղադրում են Երևան քաղաքի տարբեր վայրերում։

2023թ. մարտի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրի զննության ընթացքում 28-ամյա երիտասարդը մատնացույց է արել Երևան քաղաքում գտնվող 3 տարբեր վայրեր, որտեղ, փախուստի դիմաց 26-ամյա ընկերոջ հետ տեղադրել են փաթեթներով թմրամիջոցներ:

Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են, ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածի պարունակությամբ թվով 33 փաթեթ՝ ընդհանուր՝ 52,14 գրամ քաշով: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ փաթեթներում առկա զանգվածը եղել է «Մարիխուանա» թմրամիջոց:

Փախուստի դիմած 26–ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, երկու երիտասարդները ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։

Քննիչի կողմից դատախազին ներկայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդության բավարարման արդյունքում երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման աղբյուրները, ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում հատկապես դեռահասներին և երիտասարդներին զգուշացնել, որ ապօրինի թմրամիջոցների առցանց վաճառքով զբաղվող անձանց կողմից ձեռք բերված թմրամիջոցները, ֆինանսական վարձատրության դիմաց, այլ վայրերում տեղադրելը շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս հանդիսանում է ծանր հանցագործություն, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից, ինչը հանգեցնելու է անխուսափելի քրեական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth