Գողության դեպքեր Տաշիրում ու Նոեյմբերյանում, դանակահարություն՝ Երեւանում

Գողության դեպքեր Տաշիրում ու Նոեյմբերյանում, դանակահարություն՝ Երեւանում

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ գողության դեպքեր են գրանցվել Տաշիրում ու Նոեյմբերյանում, դանակահարություն՝ Երեւանում:

Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.10-ից 00.40-ն ընկած ժամանակահատվածում Խուդյակովի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 22-ամյա երիտասարդը: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 09.00-ին Գայի պողոտայում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք: Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները մայիսի 24-ին հանցագործության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան. Տաշիր քաղաքի երեք բնակիչ Դեմիրճյան փողոցի մի առանձնատնից և ավտոմեքենայից գողություն էին արել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։ Մայիսի 24-ին նրանք հայտնաբերվեցին Տաշիրում և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին բաժին։ Պարզվեց, որ նրանք լինգով բացել էին առանձնատան պատուհանը, մտել տուն և գողացել էլեկտրոնային սարք, համակարգչի մոնիթոր, սինթեզատոր, բարձրախոսներ ու նոթբուք: Պարզվեց նաև, որ, օգտվելով «Օպելի» դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել էին ձայնարկիչը: Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է, նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ: Տաշիրի ոստիկանները պարզել են նաև տուժողների ինքնությունն ու նրանցից հաղորդումներ են ընդունել։ Հարուցվել է քրեական գործ։

Մայիսի 18-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ համայնքի մի տնից գողություն են արել։ Ոստիկանները պարզեցին տուժողի ինքնությունը. մայիսի լույս 6-ի գիշերը նրա առանձնատնից հափշտակել էին հեռուստացույց և երաժշտական գործիք։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ բնակարանային գողությունն արել են Կողբի՝ երեք, և Երևանի մեկ բնակիչ։ Չորս տղամարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Պարզվեց, որ գողությունից հետո երևանցի տղամարդը գողոնը ուղարկել էր մայրաքաղաք ու վաճառել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է, մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth