Լոռիի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ՏԻՄ ընտրություններում խախտումներ չեն արձանագրվել

Լոռիի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ՏԻՄ ընտրություններում խախտումներ չեն արձանագրվել

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո համայնքներում, Սյունիքի մարզի Կապան համայնքում, Կոտայքի մարզի Արզնի համայնքում 2021թ. նոյեմբերի 14-ին կայացած տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը խախտումներ չեն արձանագրվել:

«Ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ, ահազանգեր իրավապահ մարմինները չեն ստացել, իրականացվող մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ»,- «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Գրառման մեջ նշված է, որ Տավուշի մարզի Իջևան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ստացվել է ընդամենը մեկ ահազանգ՝ առերևույթ կրկնակի քվեարկություն կատարելու փորձի վերաբերյալ, որի կապակցությամբ դատախազության հանձնարարությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Բացի նշվածը, այլ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր, հաղորդումներ չեն ստացվել:

Մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ստացված է եղել առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ ընդամենը երկու ահազանգ, որոնք ՀՀ գլխավոր դատախազության և Սյունիքի մարզի դատախազության նախաձեռնությամբ դարձվել են ստուգման առարկա: Սակայն ստուգողական գործողությունների արդյունքում դրանք չեն հաստատվել և թողնվել են անհետևանք:

Մյուս համայնքների կտրվածքով մինչև քվեարկությունն ընկած ժամանակահատվածում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ևս որևէ ահազանգ չի արձանագրվել:

wp-apeth