«Հայաստան» դաշինքի հանրահավաքն՝ Ազատության հրապարակում

«Հայաստան» դաշինքի հանրահավաքն՝ Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում նոյեմբերի 8-ին անցկացվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հանրահավաքը: Դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է․

«Հիմք ընդունելով հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայաստանի անկախության եւ ԼՂՀ հռչակման մասին հռչակագրերը, վերահաստատելով Հայաստանի եւ հայ ժողովրդի անքակտելի իրավունքներն ու կենսական շահերը պաշտպանելու հանձնառությունը՝

Նկատի ունենալով, որ

  • Այս իշխանությունն աղետաբեր է Հայաստանի, Արցախի ու հայության համար,
  • Պարտության խորհրդանիշ ուժը չի կարող խաղաղություն, արժանապատվություն, զարգացում ապահովել,
  • Իշխանությունը պահելու համար իշխող ուժը պատրաստ է գնալ նորանոր զիջումների եւ ինշնիշխանության կորստի,

Հաշվի առնելով

  • Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետեւանքով տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերները,
  • Քաղաքական-տնտեսական էքսպանսիա իրականացնելով՝ տարածաշրջանում հաստատվելու՝ Թուրքիայի նկրտումները,
  • 44-օրյա պատերազմի արդյունքներից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի  նպատակը, այն է՝ Արցախի հայաթափումն ու Հայաստանի հանդեպ  տարածքային հավակնությունները բավարարելը,
  • Արցախյան հակամարտության էության եւ ձեւաչափի միջազգային ընկալումից, խաղաղ կարգավորման գործընթացի հիմնարար սկզբունքներից Ադրբեջանի հրաժարումը,
  • ՌԴ խաղաղապահ առաքելությունը սահմանափակելու եւ պատերազմ վերսկսելու՝ Ադրբեջանի փորձերը,

Արձանագրելով, որ

  • Հայաստանում հաստատվել է մեկ մարդու իշխանություն, պետական ինստիտուտները կազմալուծված են,
  • Ուժային կառույցները ծառայեցվում են իշխանությունը պահելու միակ նպատակին,
  • Հայաստանն այլեւս իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն չէ,

Համոզված լինելով, որ

  • Հայաստանի եւ հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,
  • Հայաստանի՝ որպես ազգային եւ ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության եւ սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է,
  • Հայաստանի եւ Արցախի գոյության ու անվտանգության հիմնահարցերը փոխկապակցված են,
  • Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման, կայուն խաղաղության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի՝ որեւէ կարգավիճակով ամրագրումը,
  • Անհրաժեշտ է վերականգնել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը երաշխավորելու՝ Հայաստանի հանձնառությունը,
  • Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որեւէ անձ, Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով, չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որեւէ փաստաթուղթ։

Հանրահավաքը հայտարարում է.

  • Արտաքին վտանգները չեզոքացնելու, Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը բացառելու, ներքին կյանքում համերաշխություն հաստատելու, հայությունը համախմբելու նպատակով մենք սկզբնավորում ենք համազգային դիմադրություն՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։
  • Նպատակն անփոփոխ է՝ հեռացնել պարտության խորհրդանիշ ուժին, վերականգնել Հայասատանի ինքնիշխանությունն ու հայ մարդու արժանապատվությունը։
  • Սա մեկ ուժի, մեկ դաշինքի դիմադրություն չէ, յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու գործն է։
  • Մինչև հաղթանակը՝ այս պայքարը կարող է  մեկ շաբաթ կամ ամիսներ տևել։ Սա ենթադրում է յուրաքանչյուրիս հետևողական, ամենօրյա աշխատանք եւ գործողություն։
  • Մենք սկսում ենք կազմակերպվել։ Մեր ներկայությունն Ազգային ժողովում ծառայելու է  դիմադրության հզորացմանը։ Պահը հասունացավ՝ պայքարը կտեղափոխենք միայն փողոցներ ու հրապարակներ։
  • Պարտության խրհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։ Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու։
  • Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդն ապրելու է արդար, ուժեղ երկրում։ Հայ մարդն աշխարհում քայլելու է գլուխը բարձր»։
wp-apeth