«Իրանցի վարորդներից ադրբեջանցիները 250 դոլար փող են ուզում». Գորիսի փոխքաղաքապետ

«Իրանցի վարորդներից ադրբեջանցիները 250 դոլար փող են ուզում». Գորիսի փոխքաղաքապետ

Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ներկա պահին ազգությամբ հայերին, հայկական համարանիշներով մեքենաները չի ստուգում, առայժմ Իրանից եկած մեքենաներն են ստուգում, նկարում են փաստաթղթերն ու ճանապարհում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

«Եթե թուրքը ոստիկանության այդ պոստը տեղադրել է, դրա հետեւանքները շատ վատ են։ Տվյալների համար 250 դոլար փող են ուզում, որը չեմ կարող ասել՝ որքանով է ճիշտ, վարորդներն են ասել դա»,- ասաց նա։

Ըստ փոխքաղաքապետի՝ այդ գործընթացը ՀՀ քաղաքացիների նկատմամբ լուրջ հոգեբանական ազդեցություն է թողնում. «Գալիս ես ու ճանապարհին թուրք ոստիկանը կանգնած՝ ստուգում է իրանցուն, ու չգիտես՝ քեզ ստուգելո՞ւ է, թե՞ ոչ։ Հասկանում եք, թե ինչ հոգեբանական ճնշվածություն է լինում»։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը եւ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել էր անդորրագիր, համաձայն որի Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի բաշիբոզուկներն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով նաեւ հրապարակել է այդ անդորրագիրը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի տելեգրամյան ալիքներից մեկն իբր հերքել է այս տեղեկատվությունը՝ որպես միակ իբր փաստարկ նշելով, թե անդորրագիրը տրամադրված է Ադրբեջանի Հարավային գլխավոր մաքսատան վարչության կողմից։

Իրականում դա այդպես է, սակայն հարց է ծագում՝ արդյո՞ք, հենց այդ վարչությունը չէ՞, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին»։

wp-apeth