Ադրբեջանցիները դեռ կոնկրետ որևէ բան չեն պահանջում, ճանապարհը շարունակում է փակ մնալ. Կապանի քաղաքապետ

Ադրբեջանցիները դեռ կոնկրետ որևէ բան չեն պահանջում, ճանապարհը շարունակում է փակ մնալ. Կապանի քաղաքապետ

Կապան-Գորիս միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ադրբեջանցիները դեռ կոնկրետ որեւէ բան չեն պահանջում։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

«Բանակցությունների ընթացքում ադրբեջանցիներն ասել են, որ ճանապարհը փակելու պատճառը այն է, թե իբր երկու հայ զինծառայող հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա եւ նրան սվինով հարվածել։ Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է»,- պատմել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր հայ զինծառայողի մասնակցությամբ այդ միջադեպը. «Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է եւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,- հայտնել էր ՊՆ-ն։

Կապանի քաղաքապետն ասաց, որ ճանապարհը բացելու համար նոր բանակցություններ են սպասվում. «Ներկա են հայկական եւ ռուսական սահմանապահ զորքերը»։

Փարսյանն նաեւ նշել է, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են օգոստոսի 25-ի երեկոյան՝ ժամը 20։00-ից։

«Այդ հատվածում մեր քաղաքացիներն էին՝ իրենց ավտոմեքենաներով, բայց ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են եկել։ Տուժածներ չկան»,- ասել է Փարսյանն ու հավելել, որ խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում։

wp-apeth