Փրկարարները ջրահեղձումից փրկել են 16-ամյա աղջկա

Փրկարարները ջրահեղձումից փրկել են 16-ամյա աղջկա

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 656 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 214 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 32 կեղծ ահազանգ: Հրդեհները կանխելու նպատակով փրկարարները չորացած խոտածածկով տարածքներում հսկվող այրումներ են կազմակերպում:

Անցած շաբաթ փրկարարները 173 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 38 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 25 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 6 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 12 մարդ:

Սեւանա լճի լողափերում հանգստի շրջանի բացման հենց առաջին օրվանից՝ հուլիսի 10-ից, Գեղարքունիքի փրկարարները ուժեղացված հսկողություն են իրականացնում: Անցած երկու օրում փրկարարները բազմաթիվ դեպքեր են նկատել՝ շրջված նավակ կամ հեծանվանավակ, նավակով կամ լողալով ափից հեռացած եւ ինքնուրույն վերադառնալ չկարողացող քաղաքացի եւ այլն: Բոլոր դեպքերում էլ արձագանքը եղել է շատ արագ, զոհեր չկան, փրկարարները ջրահեղձումից փրկել են 16-ամյա մի աղջկա, որը տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում», «Ջրածածկման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում», «Օդային տագնապի ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

wp-apeth