«Լոռէ» փրկարար ջոկատը ջրային դրոն է ձեռք բերել

«Լոռէ» փրկարար ջոկատը ջրային դրոն է ձեռք բերել

«Լոռէ» կամավոր փրկարար ջոկատի ներկայացրած «Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» նախագիծը շահել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Կոլբա Լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների եւ երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի դրամաշնորհը։ Արդեն կազմակերպվել են փրկարարության թեմայով մի շարք դասընթացներ, իրականացվել է հետախուզում եւ եռաչափ քարտեզների պատրաստում, վերագնահատվել է Ստեփանավան խոշորացված համայնքի տեղական մակարդակում ռիսկերի կառավարումը, համայնքի Ուրասար եւ Կաթնաղբյուր բնակավայրերում ՎԽԿ (վտանգների, խոցելիության եւ կարողությունների) ուսումնասիրություն է անցկացվել: Բացի դրանից՝ ջոկատի հրահանգիչները եւ Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորներն առաջին անգամ իրականացրել են տուժած լեռնագնացին օգնության ցուցաբերում փրկարարական բաղադրիչով՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Ջոկատը ձեռք է բերել նաեւ դաշտային պայմաններում աշխատելու համար նախատեսված համակարգիչներ, իսկ օրերս՝ նաեւ ջրային դրոն, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնաթերթը:

«Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ նոր դրոնը նախատեսված է ստորջրյա որոնողական աշխատանքների համար, տեղաշարժվում է եւ տվյալներ հավաքում մինչեւ 15 մետր խորության վրա։ Այն որոշ դեպքերում կփոխարինի ջրասուզակին։

«Ստեփանավանի տարածաշրջանում բավական շատ ջրային տարածքներ կան, որտեղ մարդ կարող է խեղդվել։ Եթե նախկինում ջրահեղձվածին դուրս բերելու համար Երեւանից ջրասուզակ էին կանչում, հիմա կարող ենք այդ աշխատանքն ինքներս կատարել։ Առաջին անգամ սարքը փորձարկել ենք «Անահիտ» հանգստյան տան լողավազանում։ Եթե եղանակը բարենպաստ լինի, կփորձարկենք նաեւ լճերում։ Դրոնը կծառայի նաեւ որպես ուսումնական նյութ մեր կրթական ծրագրում»,- մանրամասնել է Արմեն Առաքելյանը։

ԱԹՍ-ների ոլորտում «Լոռէն» ակտիվ համագործակցում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտահետազոտական խմբի հետ, որն այս օրերին հետազոտություններ է կատարում Ստեփանավանում։ Մանրամասներին կանդրադառնանք շուտով։

wp-apeth