Փրկարարները 461 կանչի են արձագանքել. Գրանցվել է 94 հրդեհ

Փրկարարները 461 կանչի են արձագանքել. Գրանցվել է 94 հրդեհ

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 461 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 94 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 19 կեղծ ահազանգ:

Փրկարարները 167 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Նոր նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 52 ահազանգ է ստացել, Օձ է  հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 33 դեպքում: Տարբեր պատճառներով արգելափակված 9 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 9 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմա­կերպումը եւ  իրականացումը քիմիական արտադրամասում», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը ուսումնական հաստատություններում», «Օդային ազդանշանի դեպքում համայնքի բնակչության պատսպարման իրակա­նացում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի գործողությունները», «Գրադարանում առաջացած հրդեհի հրդեհաշիջում․ տուժածների տարհանում եւ առաջին բուժօգնություն», «Միջին ճնշման գա­զա­տարի վթարի դեպքում գազատարի վթարավերականգնողական աշխատանքների իրականա­ցումը», «Քա­ղա­քացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը», «Տարհանում եւ հրդեհաշիջում պահեստում բռնկված հրդեհի ժամանակ», «Հրդեհա­շիջումը գազալցակայանում», «Հրդեհաշիջումը մանկապարտեզի հանդերձարանում», «Թատրոնի բեմահարթակի հրդեհաշիջում եւ տարահանում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները հանրային վայրերի, բանկոմատների, տրանսպորտային միջոցների ախտահանումներ են իրականացնում 2020 թվականի մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանման աշխատանքներ են արվել թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում, ախտահանվել է մոտ 800 օբյեկտ՝ կանգառ, զրուցարան, բանկոմատ, տրանսպորտային միջոց եւ այլն:

wp-apeth