Հայաստանի ընդգրկումը «Defender 23-ի» մասնակիցների շարքում վրիպակ էր. Պենտագոն

Հայաստանի ընդգրկումը «Defender 23-ի» մասնակիցների շարքում վրիպակ էր. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ երեկ Պենտագոնի մամլո հաղորդագրության մեջ «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանի ընդգրկման մասին: ԱՄՆ պաշտպանության նախարարության պատասխանում նշված է.

«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»,- նշված է Պենտագոնի պատասխանում:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում մեկնարկող «Defender 23» անունը կրող զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությոններին մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը, սակայն ժամեր անց հաղորդագրության թարմացված տարբերակում Հայաստանի անունը հեռացվել է մասնակից երկրների շարքից:

Նշենք, որ այս պահին, Պենտագոնի հաղորդմամբ, բացի Միացյալ Նահանգներից զորավարժություններին կմասնակցեն 24 ԱՄՆ-ի դաշնակից ու գործընկեր երկրներ, որոնք են Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան:

wp-apeth