Հայաստանում կստեղծվի ազգային ավիափոխադրող

Հայաստանում կստեղծվի ազգային ավիափոխադրող

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է «Standard & Poor’s» միջազգային գործակալության կողմից Հայաստանին B+ սուվերեն վարկանիշի շնորհմանը:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու և պետբյուջերում ու նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Ըստ այդմ՝ առաջարկվում է ֆոնդի կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնել 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և ընկերության օգտին տեղաբաշխելու միջոցով։ Հիմնավորման համաձայն՝ 2021 թ. հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիա» (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են ՀՀ-ում ստեղծել ազգային ավիաընկերություն: Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար ֆոնդը պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000 դրամ, իսկ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով: Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է «Էյր Արաբիան»:

Նոր ազգային ավիաընկերության ստեղծումը մեծապես կնպաստի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջության և հարակից ոլորտների ներուժի օգտագործմանը, ինչպես նաև տնտեսական ակտիվությանը՝ ՀՀ քաղաքացիներին ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորությամբ:

Հարցը ներկայացրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը՝ նշելով, որ այն կյանքի է կոչում ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին ՀՀ կառավարության դեռ որոշ ժամանակ առաջ տրված խոստումը։ «Կարևորում ենք այն հանգամանքը, որ գործարքն իրականացրել ենք հաշվարկի, պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում և ստացել ենք առավելագույնս կենսունակ մոդել։ Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը։ Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, այն է՝ «Էյր Արաբիա» ընկերության մոդելի մոտ 20 տարվա դրական փորձը։ Սա, կարծում եմ, առաջին անգամ մեզ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող»,- ասել է Դավիթ Փափազյանը՝ հավելելով, որ նման գործընկերոջ հետ համատեղ հաջողված ծրագիրն ավիափոխադրության ոլորտի նման բարդ ոլորտում, նպաստելու է նաև Հայաստանը գործարարների համար գրավիչ, ներդրումների համար ապահով երկիր դարձնելուն:

Ֆոնդի գործադիր տնօրենն ընդգծել է ազգային ավիափոխադրող ստեղծելու կարևորությունը հատկապես տնտեսության զարգացմանը նպաստելու առումով. «Ցանկացած բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է։ Ընկերությունը չի ունենալու ոչ մի պետական արտոնություն։ Այսպիսով, գործի ենք դնում մեզ համար առաջնային թիրախների իրականացումը, այն է՝ մրցունակ, շահութաբեր, երկարաժամկետ կտրվածքում կենսունակ ընկերություն ստեղծելը, որը կլինի պետության համար եկամուտի աղբյուր, կստեղծի աշխատատեղեր, կընդլայնվի և կստեղծի տնտեսական շոշափելի արդյունք»։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռևս 2018-ին իրենք կարևորել են ՀՀ-ում հայկական ավիաընկերությունների ստեղծման և զարգացման նպատակը, և այդ առումով կառավարությունը որոշակի դերակատարում պետք է ունենա: «Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է լինեն և չեն կարող լինել: Տվյալ դեպքում, ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն ունենալով «Էյր Արաբիա» ընկերության (դուստր ընկերության) հետ, հետևյալ գործողությունն է արվում՝ յուրաքանչյուրը ներդնում է 10 մլն դոլար: Մենք այսպիսի գործընկերությունը կարևոր ենք համարում, քանի որ «Էյր Արաբիան» ունի ավիաընկերություն ստեղծելու և զարգացնելու փորձառություն: Մենք, ըստ էության, այս համատեղ ներդրմամբ հրավիրում ենք «Էյր Արաբիա» ընկերությանը, որպեսզի նաև մեզ հետ հիմնադրի և կառավարի ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»: Այստեղ հարց կա ազգային փոխադրող հասկացության հետ կապված. մեր օրենսդրությամբ ազգային փոխադրող հասկացությունը կարող է օգտագործել յուրաքանչյուր ընկերություն, ով գրանցված է ՀՀ-ում՝ որպես հայկական ընկերություն, և այս իրավիճակը մենք շարունակելու ենք պահպանել: Ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է մրցակցային հավասար դաշտում: Այստեղ միակ տարբերությունն այն է, որ կառավարությունը ներդրում է անում: Ես գիտեմ, որ պրոցեսի հետ կապված որոշակի կասկածներ, մտավախություններ, տարընթերցումներ կան՝ մանավանդ հաշվի առնելով, որ այս ոլորտում ունենք, մեղմ ասած, տհաճ հիշողություններ: Բայց կարծում եմ, որ մենք պետք է այս ճանապարհով գնանք՝ գիտակցելով նաև, որ այստեղ ունենք որոշակի ռիսկեր, ինչպես ցանկացած ներդրման պարագայում: Կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար պայմաններ, որպեսզի այդ ռիսկերը լինեն կառավարելի»,– ասել է վարչապետը և նշել, որ պետք է հստակ երաշխիքներ ստեղծվեն նաև ավիաընկերության հանձնառությունը՝ 2022 թվականի գարնանից կանոնավոր չվերթներ իրականացնելու, հստակ կատարվի:

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծրագրի իրականացման գործում և հույս հայտնել, որ ավիաընկերությունն իսկապես կդառնա հպարտության առարկա կառավարության, Հայաստանի Հանրապետության համար և լոկոմոտիվի դեր կկատարի այս ոլորտում նոր ներդրումների ներգրավման հարցում:

wp-apeth