Դավիթ Գալստյանը կկալանավորվի

Դավիթ Գալստյանը կկալանավորվի

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր նախագահության, բավարարել է ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) երկու ամսով կալանավորելու վերաբերյալ: Այս մասին news.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը:

Փաստաբանը հայտնեց, որ կալանավորման որոշումն անհիմն են համարում եւ այն բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարանում:

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ Դավիթ Գալստյանին ներկայացված մեղադրանքը դեժավյու է հիշեցնում՝ նախորդի նման, պնդում է, անհիմն մեղադրանք է ներկայացված՝ հիմնված միայն ենթադրությունների վրա:

«Իհարկե, նախորդ գործի հետ այս մեղադրանքը որևէ կապ չունի, նոր ապրանքների է վերաբերում: Հայտարարում ենք, որ նման փաստ առկա չէ՝ անորակ որեւէ ապրանք չի մատակարարվել ՊՆ-ին, ինչ պահանջվել է, դա էլ մատակարարվել է, ժամկետների լրանալու վերաբերյալ տեղեկությունները հիմնավոր չեն: Հաշվի առնելով, որ պետական գաղտնիքի հետ գործ ունենք, շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել. կգա ժամանակը, որ այս անգամ եւս կհիմնավորվի, որ այդ մեղադրանքները բացարձակապես հիմնավոր չեն»,- հայտնել էր Հարությունյանը:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։

ԱԱԾ-ն երեկ Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացնում։ Խուզարկել են նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։ Թե ԱԱԾ–ում գործը հարուցվելուց ամիսներ անց քննիչներն այդ բնակարաններում ինչ էին ակնկալում գտնել, հայտնի չէ։ Մամուլում միայն լուրեր են շրջանառվում, որ իրավապահները փաստաթղթեր եւ գումար են փնտրել։

Ժամեր առաջ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է նաեւ Դավիթ Տոնոյանը:

wp-apeth